«Շատերը չեն էլ պատկերացնում, որ Հայաստանում այսպիսի վայրեր կան». Էդմոն Մարուքյանը՝ Մովսեսում

«Շատերը չեն էլ պատկերացնում, որ Հայաստանում այսպիսի վայրեր կան, և որքան ենք թշնամու կողմից խոցելի նման համայնքներում, բայց մարդիկ իրենց առօրյայով խաղաղություն են պարտադրում հակառակորդին և հանգիստ կյանք ՀՀ քաղաքացիների համար մյուս համայնքներում»,- Մովսես գյուղում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։

Հետևաբար, ըստ նրա՝ պետք է ամեն ինչ անել, որ սահմանամերձ համայնքներում կյանքի որակը բարձրանա.

«Մեր ունեցած տեղեկատվությունն այստեղի խնդիրների հետ կապված բազմապատկել, հավաքագրել ենք, նաև երեկ քննարկում էինք, որ կուսակցությունում պետք է անպայման սահմանամերձ համայնքներով զբաղվող խումբ ձևավորենք, որը պերմանենտ կհետևի, կայցելի, այս համայնքների բնակիչների խնդիրները կբարձրաձայնի, դոնոր կազմակերպություններ կգտնի, դրան գումարած՝ պետական աջակցությունը կուղղի այս տարածքներ։ Այսինքն՝ ամեն բան անել, որ այստեղ ապրող մարդիկ որևէ ծառայության համար այստեղից գնալու մասին չմտածեն»։

Է. Մարուքյանը հիշեց, որ խորհրդարանում օրենք էին ընդունել սահմանամերձ համայնքներում արվող ներդրողներին որոշ ժամանակ հարկերից ազատելու վերաբերյալ, բայց դա, ըստ նրա՝ մնացել է թղթի վրա. «Դրանք դառնում են պոպուլիստական կոչերի և ելույթների առարկա։ Այդ օրենսդրությունը պետք է վերանայել՝ ձեզ հետ քննարկումներով, որովհետև անհնար է առանց ձեզ ինչ-որ բաներ նախաձեռնել և մտածել, թե կգործի»։

Տեսանյութեր

Լրահոս