Ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ապօրինի զենք կրելու և ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում կասկածյալը ձերբակալվել է։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժնի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի տարածքում՝ Սևան-Մարտունի ավտոճանապարհին, նկատելով վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, կանգնեցրել են այն, որից հետո մեքենայի վարորդը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1985 թվականին, դուրս է եկել ավտոմեքենայից և իր հետ վերցնելով «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը՝ նետել այն անտառում ու դիմել փախուստի, իսկ մեքենայի մյուս ուղևորը, ով նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվել անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը, 3 հատ փամփուշտ, ինչպես նաև՝ վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ ծնված 1984 և 1988 թվականներին: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձինք եղբայրներ են:
Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Նախնական քննության տվյալներով՝ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում համագյուղացիների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1985թ. ծնված տղամարդու կողմից արձակված կրակոցների հետևանքով: Եղբայրները ճանաչվել են տուժող:
Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում 2018թ. նոյեմբերի 30-ին կասկածյալը՝ 1985թ. ծնված տղամարդը, հայտնաբերվել և ձերբակալվել է։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: