«Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ դատարանի առաջ

Հայտնի է դարձել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի դեմ հայցով դատական առաջին նիստի օրը. ԱԺ ընտրություններից հետո, դեկտեմբերի 11-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ նախարարի պաշտոնակատար Մանե Թանիլյանի:

Վահան Զուրաբյանը դատարան է դիմել՝ վիճարկելու Աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարի հրամանը՝ ս/թ հոկտեմբերի 5-ին տուն ինտերնատի տնօրենի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ:

Իրեն պաշտոնանկ անելու մասին նախարարի որոշումը Զուրաբյանը զուտ անձնական բնույթի որոշում է համարում: Հիմնավորումն այն է, որ ոլորտը համակարգող նախարարն ըստ նրա՝ նշանակվելուց հետո առնվազն մեկ անգամ պարտավոր էր հանդիպել կացարանների տնօրենների հետ, ծանոթանալ նրանց աշխատանքին, ներկայացնել իր դիտարկումներն ու մոտեցումները, մինչդեռ «անհաղորդ նախարարին» իրենք` տնօերններն են հանդիպելու համառ փորձեր արել անընդհատ:

Բացի այդ, ասում է՝ «ծանոթ եմ նախարարության ողջ անձնակազմին, գիտեն ինձ բոլորը, գիտեմ բոլորին, անցել եմ այդ ուղին աստիճանական սանդուղքով` բաժնի առաջին կարգի մասնագետից, առաջատարի, գլխավորի  և էդպես հասնելով մինչև  ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին»: Պնդում է, որ երբևէ աշխատանքային խնդիրներ չի ունեցել, ավելին՝ ՊՈԱԿ-ում տնօրինած 1 տարվա մեջ հասցրել է  ֆինանսական չարաշահումների սխեմա բացահայտել, դիմել է իրավապահներին, կարգի է բերել տարեցների կացարանը, լուծել է նրանց պայամանները բարելավող մի շարք խնդիրներ:

Վահան Զուրաբյանը վստահ է, որ կհաղթի դատարանում և կվերականգնվի իր գործին:

«Ցավում եմ, որ մեր երկրում անձի աշխատանքային իրավունքները խախտողը կամ ոտնահարողը հենց այդ երաշխավորող լիազոր մարմնի ղեկավարն է… ամոթ է, որ դատարանի առջև կանգնած պետական պաշտոնյան  աշխատուժի շահերից անընդհատ գոռացող, քարոզող պատգամավորության թեկնածուն է:

Ես հիվանդ էի և հոկտեմբերի 8-ին բյուլետենից վերադառնում եմ աշխատանքի ու պարզում, որ հեռացված եմ։ Նախարարի հրամանով ես աշխատանքից հեռացված  եմ եղել վստահությունը կորցնելու հիմքով։ Շատ կարճ ժամանակ ենք միասին աշխատել, խնդիրներ իմ առջև չի դրվել, ու միանգամից հրաման եմ ստացել, որ աշխատանքից ազատված եմ», – 168.am-ի հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Նախկին պաշտոնյան ասաց, որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է վստահությունը կորցնելու հիմքերը, որոնք են՝ պետությանը խոշոր չափի նյութական վնաս պատճառելը, պետական գաղտնիք հրապարակելը։ Զուրաբյանն ասաց, որ այդ հիմքերից որևէ մեկն իր հետ կապ չունի, որևէ խախտում իր երկարամյա աշխատանքի ընթացքում թույլ չի տվել։

Հարցին, թե փորձե՞լ է անձամբ Մ. Թանդիլյանի հետ շփվել, հասկանալ՝ ինչո՞ւ է այդ քայլին գնացել, Զուրաբյանը պատասխանեց, որ բազմաթիվ փորձեր կատարել է, բայց ապարդյուն։

«Բազմաթիվ անգամ փորձել եմ նախարարի հետ հանդիպել, որպեսզի ավելի շատ հասկանամ մոտեցումը, աշխատանքային ինչ մոտեցումներ պետք է ցուցաբերել, բայց ոչ մի անգամ ընդունելության չեմ արժանացել»,- հավելեց Զուրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս