«Շարքային քաղաքացիների մեծ մասը ծանոթ չէ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին». սոցիոլոգ
«Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ներկայիս խորհրդարանն իդեալական չի լինելու, քանի որ դեռ գործում է ռեյտինգային համակարգը:
Ըստ նրա, այն լինելու է անցումային խորհրդարան և գործելու է 1-1,5 տարի, քանի որ հեղափոխությունից հետո պետք է փոխվի Ընտրական օրենսգիրքը, Սահմանադրությունը, որը պետք է հանի գերվարչապետական համակարգը:
«Գիտեմ, որ մեր այս դիրոքորոշումն առաջ բերեց բազմաթիվ բանավեճեր, նաև նրան արձագանքեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ խորհրդարանը չի լինելու անցումային, նույնիսկ այն դեպքում, որ նա չհամաձայնեց մեզ հետ, ես ուրախ եմ այս բանավեճերի համար»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» խորհրդարան անցնելու հնարավորություններին՝ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ կուսակցությունը լուրջ հայտ է ներկայացրել, և իրենք մեծ շանսեր ունեն։
«Շրջաններում մեր հանդիպումները ցույց տվեցին, որ մեր կուսակցության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, ունենք բազմաթիվ կողմնակիցներ։ Շանսեր ունենք, սակայն միշտ մեկ բան եմ ասում, որ այս շրջանում բազմաթիվ կուսակցություններ առաջ են ընկնում ու ասում, թե խորհրդարանում զբաղեցնելու են երկրորդ տեղը, կտրականապես դեմ եմ նման խոսակցությունների։ Ավելի լավ է խոսենք ծրագրերի ու սկզբունքների մասին, ու թող ժողովուրդն ընտրի։ Այս ընտրություններում հավատում եմ, որ իրոք կամք կա անցկացնելու անհամեմատ նորմալ ընտրություններ, որպեսզի չլինեն փող բաժանելու լկտի քայլեր։ Գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը շանս ունեն անցնելու խորհրդարան»,- ընդգծեց Ս. Գրիգորյանը։
Սոցիոլոգ Հեղինե Մանասյանի խոսքով՝ շարքային քաղաքացիներից ոչ բոլորն են տեղյակ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին։
«Նախընտրական ծրագրի դրույթներին շարքային քաղաքացին ծանոթ չէ, որպեսզի կարողանա ծանր ու թեթև անել։ Ինչպես ցույց է տվել փորձը և հանրային կարծիքի ուսումնասիրությունները, ավելի շատ ընտրում են մարդկանց, քան նրանց գաղափարախոսությունը, ինչը շատ վատ է։ Լավ է, որ որոշ քաղաքական ուժեր դուրս մնացին ընտրապայքարից, քանի որ նրանց մասնակցության դեպքում ընտրողների շփոթությունն ավելի մեծ կլիներ»,- շեշտեց սոցիոլոգը։
Անդրադառնալով ընտրություններին ռեյտինգային համակարգին, Հեղինե Մանասյանը նշեց, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում, երբ այդ համակարգը փորձարկվեց, շատ ընտրողներ այդպես էլ չեն հասկացել, թե ռեյտինգային համակարգի դեպքում իրենց տված ձայներն ինչպես են հաշվարկվում։
«Մտահոգություն ունեմ, որ շատերը ընտրություն կատարելիս հիմնվելու են սոցիալական կապերի վրա, սա կոռուպցիա չէի համարի, այլ կանվանեի սոցիալական ցանց։ Հուսամ, որ Հայաստանում տեղի ունեցած այս վերջին փոփոխությունները մարդկանց ձերբազատել են այն կապանքներից, որ իրենք պարտավորվածություն չունեն, որ իրենց աշխատանքն է կախված դրանից, և այլն»,- ընդգծեց սոցիոլոգը։
Զվարթ Խաչատրյան