«Երբ խոսում են իրական գեներալները, քաղաքացիական անձինք պետք է լռեն, դա օրենք է». Սերգեյ Շաքարյանցը՝ Նիկոլ Փաշինյանին

«Բազմիցս ասել ենք՝ հայաստանյան ընտրությունների ժամանակ մեյդան մի բերեք Արցախի հարցը: Բայց քարոզարշավի հենց առաջին օրվանից կրկին այդ թեմայի մասին էին խոսում: Փոխանակ սթափեցնեին խոսողներին՝ Ստեփանակերտի ուղղությամբ են մատ թափ տալիս: Սա արդեն ոչ թե անթույլատրելի է, այլ դավաճանություն: Եթե մարդը զտարյուն հայ է, նա իրավունք չունի թուրքին խոսելու առիթ տալ: Ու երբ պատերազմի բովով անցած մարդիկ կարգի են հրավիրում, պետք է իրոք սթափվել ու սկսել մտածել ապագայի մասին: Երբ որ խոսում են իրական գեներալները, քաղաքացիական անձինք պետք է լռեն, դա օրենք է: Որոշ մարդիկ մտածում են, թե Հայաստանը Լյուքսեմբուրգ է:

Դեռևս 1992 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին ասել եմ՝ չե՞ս ուզում այս երկրում ապրել, հեռացի՛ր քո սիրելի լյուքսեմբուրգները, այնտեղ նախագահ դարձիր. ո՛չ պատերազմ կա, ո՛չ թշնամի: Դու այս տարածաշրջանում ես, որտեղ ուրիշ իրականություն է: Չորս հարևաններից երեքը անբարենպաստ են, չորրորդի հետ էլ իբր բարիդրացիական հարաբերություններ են:

Իրականության վրա հենվեք, ոչ թե ֆանտաստիկայով զբաղվեք: Տեսնում եմ, որ մարդիկ բնազդի զգացումն են կորցրել: Երբ փորձում ես նրանց ենթագիտակցությունը միացնել՝ «Մաուգլիի» կապիկների նման են իրենց պահում՝ մոռանալով, որ մեծ օձը հիմա կգա: Պետք չէ հեռու կանգնել ու գոռալ՝ «А нам всё равно»:

Ու, երբ քեզ Թեհրանից զգուշացնում են՝ թեկուզ ազգությամբ հայերը, լսի՛ր, թե քեզ ի՞նչ են ասում, ու փորձի՛ր հասկանալ, թե ի՞նչ են ակնարկում: Հետագա զարգացումներում զգույշ մնա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսքն ուղղելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նա անդրադարձավ նաև շրջիկ ընտրական շտաբներին՝ ասելով, թե դա նորություն չէ:

«Դա Հնդկաստանի հորինած պրակտիկան է: Հնարել են հետամնաց, թերզարգացած գյուղերում ապրող մարդկանց համար, որոնց մոտ դա էլ է անցնում: Մի օր գնացել են ավտոբուսով, գոռացել ու պատգամավոր դարձել: Չգիտեմ՝ Հնդկաստանի օրինակները Հայաստանում կիրառելի՞ են, թե՞ ոչ»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետը խոսեց նաև արտերկրում գտնվող հայերին ընտրելու իրավունք չտալու մասին:

«Ինչո՞ւ վերջերս արտերկիր մեկնած մարդիկ պետք է զրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից: Ոչ մի դեսպանատանն ընտրատեղամաս չկա, կարծում եմ, որ դա սխալ է: Մարդը եթե մի քանի օր առաջ մեկնել է Փարիզ, ինչո՞ւ ես նրան զրկում ընտրելու իրավունքից»,- հարցրեց Սերգեյ Շաքարյանցը:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի»՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին առաջարկին, քաղաքագետը նկատեց.

«Եթե դեմ ես Իրանին ու Ռուսաստանին, ուրեմն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ ես: Ես կասեի՝ նույնիսկ Չինաստանին ես դեմ: Դու ո՞վ եղար, որ նույնիսկ Չինաստանին դեմ դուրս գաս, ա՛յ տղա: ՌԴ-ի ու Իրանի թիկունքում Չինաստանն է կանգնած: Չգիտե՞ն այդ մարդիկ, թե ինչ է կատարվում աշխարհում: ՀԱՊԿ-ից են դուրս գալիս: Դուրս արի, միայն Հայաստանին ես վատություն անում»:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս