«Այլանդակ «սև քարոզչություն» է սկսվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ». Էդմոն Մարուքյան

Ապարանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ԼՀԿ նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ «սև քարոզչություն» է սկսվել։

«Բազմաթիվ հանրապետականներ այսօր փորձում են հեղափոխության դափինիներ կրել, մինչդեռ Սերժ Սարգսյանի ընտրության օրը ընտրում էին նրան։ Նաև այն ուժերը, որոնք այսօր մասնակցում են ընտրություններին՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, բազմաթիվ ուժեր, որոնք այդ պրոցեսի մեջ եղել են, հիմա ասում են, թե հեղափոխական են։ Մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» չի էլ ասում, որ հեղափոխական է, մենք հեղափոխական չենք, մենք պաշտպանել ենք հեղափոխության արժեքները, բայց հեղափոխություն չենք արել, հեղափոխականներ չենք»,- հայտարարեց նա։

Նա հիշեցրեց, որ «Ելքի» քարոզարշավի ժամանակ եղել են Ապարանում, նորմալ քարոզարշավ են անցկացրել, բայց Ապարանից 95 ձայն են ստացել, իսկ ամբողջ շրջանից՝ 200 ձայն։

«Հիմա չկան շատ ուժեր, որոնք պետք է ձայն ստանան, չկան ուժեր, որոնք արժանի են ձեր քվեներին։ Մի ուժ կա, որը հեղափոխություն իրականացնող ուժն է, որն առաջին տեղում է, իսկ մյուս ուժերը չեն կարող ասել, որ իրենց անցած ճանապարհով լսել են քաղաքացուն, կանգնած են եղել մարդկանց կողքին։ Ինչ ասեն՝ կարող եք իրենց դեմը դնել։ Միակ ուժեր, որ լեգիտիմ ունի երկրորդ ուժը լինելու հավակնությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է»,- հայտարարեց նա։

Կարդացեք նաև

Էդմոն Մարուքյանը նշեց, որ թեև «Լուսավոր Հայաստանին» մեղադրում են իր հավակնությունների համար, բայց ինքը չի ուզում մեղադրողներին իրենց լեզվով պատասխանել։

«Այս օրերին այլանդակ «սև քարոզչություն» է սկսվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դեմ։ Ինչ ասես՝ տարածում են մեր մասին, ֆեյսբուքում բոլորը գովազդի տակ են դրել, փող են ծախսում հակաքարոզչության համար։ Մեր լույսը փորձում են խամրեցնել, բայց  նրանք խավարում ապրած, խավարում գործող գործիչներ են, դրանք անում են ֆեյքերով։

Իրենք իրենց դեմքով անգամ չեն կարողանում հադես գալ։ Ամենօրյա շփումները ցույց են տալիս, որ դա չի ազդում մարդկանց վրա, հասկանում են, որ դա սև հակաքարոզչություն է։ Մենք չենք պատասխանելու դրանց, այդ անողներն անգամ փողոցում քարոզարշավ չեն կարողանում իրականացնել»։

Տեսանյութեր

Լրահոս