
Օտարերկրյա ուղղակի զուտ ներդրումները հունվար-սեպտեմբերին ավելացել են

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.8%-ով՝ կազմելով 59.8 մլրդ դրամ:
Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստան են հոսել հիմնականում Ջերսիից (20.6 մլրդ դրամ), Գերմանիայից (14.4 մլրդ դրամ), ՌԴ-ից (11.7 մլրդ դրամ), Լիբանանից (4.4 մլրդ դրամ):
Ընդամենը ներդրումների զուտ հոսքերը 2018թ. առաջին ինն ամիսների ընթացքում նվազել են 1.9 մլրդ դրամով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.2 մլրդ դրամ նվազման դիմաց: Ընդ որում՝ ներդրումների ամենամեծ արտահոսքը գրանցվել է դեպի Գերմանիա (29.5 մլրդ դրամ), Նիդերլանդներ (8.7 մլրդ դրամ), Արգենտինա (6.6 մլրդ դրամ):
Հատկանշական է, որ ընդհանուր ներդրումների մասով ամենամեծ դրական տեղաշարժը նկատվել է Ռուսաստանի Դաշնությունից, որի դեպքում նախորդ տարվա 9 ամիսներին գրանցվել էր 42.7 մլրդ դրամի ներդրումների զուտ արտահոսք: Մինչդեռ այս տարի Ռուսաստանից Հայաստան ուղղված ներդրումներն ունեցել են դրական մնացորդ՝ 9.6 մլրդ դրամ: