«ՔՊ և ՀՀԿ գաղափարախոսություններն իրարից չեն տարբերվում». Արամ Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր» և Հանրապետական կուսակցությունների գաղափարախոսություններն իրարից չեն տարբերվում։ Քաղաքական դաշտում միակ տարբերվող տեսակետը, որ ասվում է, առայժմ որևէ մեկը այդ տեսակետը չի ասել, ՄԵՆՔ դաշինքն է: Մենք ասում ենք, որ մեր զարգացման տեղը եվրոպական արժեքներին, արևմտյան արժեքներին համարժեք պետություն ձևավորելն է, որ ներդրումներ կան Միացյալ Նահանգներում, կան Եվրոպայում, Բելառուսը և Ռուսաստանը ներդրումների հնարավորություններ չունեն, առավել ևս՝ Ռուսաստանը հակված էլ չի ներդրումներ անելու»,- այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Հայաստանում վերցրել է այն, ինչ թանկ է, վերցրել է գազամուղները, էներգահամակարգը և այլն։ Ա.Սարգսյանի կարծիքով՝ եթե ուզում ենք ներդրումներ ունենալ, պետք է ստորագրենք Ասոցացման համաձայնագիրը, ինչը պարզ տրամաբանություն ունեցող մարդու համար էլ պարզ է, որ փողն այնտեղ է։

«ԵԱՏՄ-ից մենք չեն առաջարկում հենց հիմա դուրս գալ, ո՛չ ՀԱՊԿ-ից հենց հիմա դուրս գալ, ո՛չ էլ Ղարաբաղի հարցը հենց հիմա լուծել։ Մենք առաջարկում ենք հենց հիմա փոքր քայլերով, կամաց-կամաց քայլ անել դեպի նոր միջավայր, որովհետև հին միջավայրը, որ 20 տարի կա, մի քիչ գողացել են, մի քիչ չեն գողացել, մի քիչ ազնիվ են եղել, մի քիչ ազնիվ չեն եղել, էդ բան չի տալու, չի տվել ու չի տա։ Եթե մենք համակարգային փոփոխություն ենք ուզում հեղափոխությունից հետո, էդ համակարգային փոփոխության համար մենք պետք է նաև արտաքին քաղաքականության որակը փոխենք»,- ասաց Ա.Սարգսյանը։

Նկատելով, որ Հայաստանում համարում են, որ առանց Ռուսաստանի կյանք չկա, Ա.Սարգսյանը նշեց, որ ինչքան Ռուսաստանն է Հայաստանին պետք, «երկու այդքան էլ Հայաստանն է պետք Ռուսաստանին», որովհետև եթե Հայաստանը չլինի այս տարածաշրջանում, ՌԴ սահմանը հասնելու է Կրասնոդարի մարզին, և ՌԴ-ն պետք է մտածի դրա մասին ու վճարի։

Անդրադառնալով «Իմ քայլ»-ՀՀԿ փոխադարձ քննադատություններին՝ Ա.Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ-ն դաշտը փորձել է բաժանել սև ու սպիտակի, անգամ նկարներն են սև-սպիտակ.

«Ասեմ՝ էդ նկարներից հաջողվածը միայն Արփինե Հովհաննիսյանինն է, մնացածի նկարները գոնե դպրոցների մոտից էն կողմ տանեն, երեխեքը չվախենան»։

Ըստ նրա՝ պարզ տեխնոլոգիա է, ՀՀԿ-ն ուզում է ասել, որ դաշտում միայն իրենք ու «Ւմ քայլն» է, մյուսները չկան։ Ա.Սարգսյանը դա «տակտիկական հնարք» անվանեց, որպեսզի քվեները բաժանվի այդ 2 ուժերի միջև. «Ցավոք սրտի, ՔՊ-ն էլ դրանից զայրանում է ու սկսում է հետները վիճել»։

Հարցին՝ դա միայն ՀՀԿ-ի՞ն է ձեռնտու, թե՞ նաև «Իմ քայլն» է այդ ուղղությամբ գնում, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ ցանկացած պարագայում հեղափոխությունից հետո «Իմ քայլը» այս խորհրդարանում մեծամասնություն է վերցնելու, և նույնիսկ, եթե 100% էլ վերցնի, Սահմանադրության պահանջով 30%-ը պետք է լինի ընդդիմությունը, և, բնականաբար, դա ձեռնտու է ՀՀԿ-ին.

«Իրենք են էդպես անում ու լավ չեն անում, որովհետև, եթե չհասկացան, որ իրենց դժբախտությունը ժողովրդի հետ անկեղծ չլինելն է, իրենք չհասկացան, որ իրենց դժբախտությունների պատճառը մյուսներին արհամարհելն է, իրենք արդյունք չեն ունենալու։ Ի՞նչ է նշանակում՝ մենք չկանք։ Իրենք ե՞րբ են եղել, որ հիմա էլ իրենք կան, մենք չկանք»։

Տեսանյութեր

Լրահոս