«Պետք չէ իրենց վրա վերցնեն մեղք, որի համար հետագայում պետք է պատասխան տան». Գառնիկ Իսագուլյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Նոյեմբերի 29-ին Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազի բողոքը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին միջնորդությունը:

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի հնարավոր կալանքին՝ նշեց, որ ընթանում է դատավարություն, և կոչ արեց այն չդարձնել քննարկման նյութ։

Գառնիկ Իսագուլյանը հույս հայտնեց, որ այս գործով դատարանների վրա ճնշումներ չեն լինի, չեն լինի նաև որևէ մեկի կողմից պատվերներ։

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ազգը չտրոհվի, փոխարենը՝ քայլեր ձեռնարկել մարդկանց միավորման համար։ Կուզեի, որ յուրաքանչյուրը մեկ բան հիշեր, որ կայացնում են որոշում, որը վաղը դառնալու է քննության նյութ։ Եվ պետք չէ իրենց վրա վերցնեն մեղք, որի համար հետագայում պետք է պատասխան տան։ Սա ամենակարևոր ուղերձն է, որը կցանկանայի այսօր տալ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը և ընդգծեց, որ հարցը պետք է հանգուցալուծվի արդարության և ազնվության շրջանակներում, և որևէ մեկը չպետք է փորձի այս հարցն օգտագործել՝ որպես նախընտրական վարկանիշ բարձրացնելու հնարավորություն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս