
Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան կներկայացնեն Սահմանադրական դատարան դիմելու միջնորդություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդել, որ Վերաքննիչ դատարանը կասեցնի բողոքների վարույթը և դիմի ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Այս մասին նոյեմբերի 28-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
Նոյեմբերի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները: