Բաժիններ՝

Մեր այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների․ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

«Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական շենքում ներկայացնել իմ երկիրը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կարևորում է միջխորհրդա­րա­նա­կան հարաբերությունների հետևողական զարգացումը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի շատ կարճ պատմություն ունեցող երկիր, Հայաստանի համար հետաքրքիր և ուսանելի են Գերմանիայի խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներն ու մշակույթը։

Նշելով, որ Հայաստանն այսօր աշխարհում դիտվում է որպես խաղաղ ճանապարհով մեծ փոփոխություններ կատարելու օրինակ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր Հայաստանի այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների, և ինքը լավատես է ապագայի նկատմամբ։

Նախագահ Սարգսյանն ու Բունդեսթագի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացքին, վիզաների ազատականացման խնդրին, ինչպես նաև խոսել են գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս