«Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդության մասին է և ոչ թե Ձեր երեխաների». Արայիկ Հարությունյանը՝ Աշոտյանին
Կրթության և նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որով վերջինս Հարությունյանին հորդորել էր չմեջբերել իր երեխաների անունները:
ԿԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Պարո՛ն Աշոտյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ տարիներ շարունակ եղել եք ՀՀ ԿԳ նախարար, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց Ձեր երեխաներին օգտագործում եք էժան մանիպուլյացիայի համար»:
Հանրային հեռուստատեսության եթերում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ հանրակրթության ներկայիս վիճակի լավագույն բնութագրիչն այն է, որ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկու որդիները հաճախում են մասնավոր դպրոց։
Դրան ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր Հարությունյանին. «Եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր մեջբերել իմ երեխաների անունները, անգամ քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը քեզ չի օգնի»։
Անդրադառնալով Աշոտյանի գրառմանը՝ կրթության նախարարի ներկայիս պաշտոնակատարը գրել է. «Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդության մասին է և ոչ թե Ձեր երեխաների: Մի՛ թաքնվեք նրանց թիկունքում, ուղիղ պատասխանեք հարցադրմանը: Ի դեպ, առողջություն ու անհոգ մանկություն Ձեր երեխաներին, նրանց փոխանցեք, որ շուտով լավ կրթական համակարգ են ունենալու:
Հ.Գ. Դուրս եկե՛ք փողոցային քարոզչության, ֆեյսբուքում մնալը այլևս կործանարար է Արմեն Աշոտյանի համար, թեկուզ և թարմ են հիշողությունները դալանների վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի ելույթից և «Էլեկտրիկ-Երևանի» ակցիային Ձեր անհաջող մասնակցությունից»։