«Քվեարկությունը պետք է լինի ոչ միայն դուխով, այլև նախևառաջ՝ խելքով». Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեց կրթության, գիտության, մշակույթի գործիչների հետ:
««Օրինաց երկիրը» Հայաստանում կրթության և գիտության ոլորտի օրենսդրության ձևավորման գործում ունեցել է հիմնարար դեր ու նշանակություն: Մեր հեղինակած օրենքներով է, որ Հայաստանում այսօր հիմք է դրվել կրթության ոլորտում լրջագույն բարեփոխումների կայացմանը: Մենք կարողացանք հեղինակել օրենքներ՝ նախադպրոցական, արհեստագործական, միջին մասնագիտական, բուհական և հետբուհական կրթության մասին:
Ոչ ոք չի խոսում այն մասին, որ վերջին տարիներին չեն կարողանում վաճառել դպրոցների, գիտական հաստատությունների, թանգարանների, թատրոնների, մանկապարտեզների շենքեր: Այս ամենը մեր կարևորագույն օրենսդրական պայքարի արդյունքում է եղել: Օրենքով արգելվել է նման հաստատությունների վաճառքը, մասնավորեցումն ու սեփականաշնորհումը: Այսօր երեխաներն անվճար հաճախում են մանկապարտեզներ՝ Երևան քաղաքում: Կարծում եմ՝ պետք է շարունակենք այս մոտեցումը: ՀՀ-ում պետք է անվճար դառնան բոլոր մանկապարտեզները, ինչի համար անհրաժեշտ է պետական մշակված քաղաքականության իրականացում: Հսկողություն լինի համայնքի բյուջեի նկատմամբ, քանի որ գյուղապետեր ունենք, ովքեր ջիփերով են ման գալիս՝ իրենց համայնքների խնդիրներին անհաղորդ լինելով»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահն ասաց, որ մերժում են ուսուցիչների կրճատման վերաբերյալ առաջ քաշված թեզը:
«Պնդում ենք առաջիկա 24 ամիսների ընթացքում ևս 30.000 ուսուցիչներով ՀՀ կրթական համակարգը համալրելու անհրաժեշտությունը: Այս թվերն օդից վերցված չեն: 30 հոգու փոխարեն՝ կարող են լինել 20-ը, այսինքն՝ կարող ենք աշակերտներին խմբերի բաժանել: Այս 8 ամսվա իշխանությունը, նախկինի պես, նույնպես գիտությանը պատշաճ ուշադրություն չի ցուցաբերում: Նույնը նաև մշակույթի դեպքում: Այսօր կաղում են կինոն ու թատերական արվեստը»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ նախագահը կարծում է, որ իրենց օգտին պետք է քվեարկեն գրագետ, կրթված, վերլուծելու ունակություն ունեցող մարդիկ:
«Քվեարկությունը պետք է լինի ոչ միայն դուխով, այլև նախևառաջ՝ խելքով, որովհետև մենք գործ ունենք երկիրը կառավարելու հետ»,- եզրափակեց Արթուր Բաղդասարյանը:
Անի Կարապետյան