Մեր ժողովուրդը պետք է գիտակցի՝ եթե մի կուսակցությանը տվեց բացարձակ մեծամասնության քվե, հաջորդ օրն անպայման ստանալու է ՀՀԿ
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանը պնդում է՝ իրենց կուսակցությունը սոսկ քաղաքական միավոր չէ, արժեհամակարգ է, որն իր մեջ ներառում է քրիստոնեական նորմերի պաշտպանություն, իրավական պետության ձևավորում, ժողովրդավարության խորացում ու սոցիալական պետության կայացում:
«Մարդիկ քրիստոնեությունից հեռանում են: Շատացել են աղանդավորները, ԼԳԲՏ-ները: Պետք է մեր արժեհամակարգը հետ բերենք: Բոլոր տգետների համար եմ ասում՝ մեր եկեղեցին ազգային-հոգևոր հաստատություն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը:
Հարցին՝ ովքե՞ր են ընդգրկված իրենց կուսակցությունում, Շիրինյանը պատասխանեց, որ իր թիմում մարդիկ են, ովքեր գիտության ոլորտից են՝ քաղաքագետներ, մշակութաբաններ:
«Միջին տարիքի են, հայրենիքի նվիրյալներ ու արժեհամակարգ ունեցողներ»,- մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է ծրագրին՝ նա նկատեց.
«Ծրագրում հիմնականում արդյունաբերության զարգացումն է: Առանց սեփական հումքի վրա արդյունաբերության զարգացման, որը ես քարի արդյունաբերություն եմ անվանում, Հայաստանը ոչ մի ապագա չունի: Սրա միջոցով կվերականգնվի գիտությունը, կրթությունը, մշակույթը: Մնացածը հեռանկար չունեն, չհավատա՛ք: Ոչ մի տուրիզմով Հայաստանը չի զարգանա:
Մենք բոլոր ոլորտների վերաբերյալ ունենք տեսական-գործնական մշակումներ, որոնց հիմքը սոցիալական, շուկայական տնտեսությունն է: Այն քաղաքական, տնտեսագիտական հայեցակարգ է: Մենք ժողովրդի համար աղքատության վերացման քաղաքականություն ենք վարելու: Լիբերալիզմով հարցը չի լուծվելու: Ազատականությունը երկիրը քայքայման է հասցրել: Մենք չափավոր լիբերալիզմի կողմնակից ենք, երբ պետությունն ունի կարևոր դեր՝ կարգավորող մարմին է, որն ունի հավասարակշռված խորհրդարան: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի՝ եթե մի կուսակցությանը տվեց բացարձակ մեծամասնության քվե, հաջորդ օրն անպայման ստանալու է ՀՀԿ: Սա կհանգեցնի տնտեսության ավելի քայքայմանը, ինֆլյացիայի: Գիտեք, չէ՞, որ նոր դրամներ են տպել: Էս աղքատ վիճակում գիշեր-ցերեկ խոսում են թոշակից, մի կոպեկ չեն ավելացնում, թոշակառուի համար շատ կարևո՞ր է փայլուն դրամ ունենալը: Ասում են՝ հինը շուտ է մաշվում. է՜, մի՛ ճմրթեք: Ինֆլյացիայի առաջին նշաններից մեկն է»:
Անի Կարապետյան