
Բեռնի Սանդերսը կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին

Ամերիկացի սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ կարող է 2020 թվականին մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, եթե ինքը «լավագույն թեկնածուն» լինի երկրի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հաղթանակ տանելու համար։
«Եթե լինի էլի որեւէ մեկը, որը, ինչպես կպարզվի, որեւիցե պատճառով կարող է այս աշխատանքից ինձանից ավելի լավ գլուխ հանել, ես բոլոր ջանքերը կներդնեմ, որպեսզի հաղթի նա: Եթե պարզվի, որ ես եմ լավագույն թեկնածուն Թրամփին հաղթելու համար, այդ ժամանակ ես, հավանաբար, կառաջադրեմ իմ թեկնածությունը»,-հայտարարել է Սանդերսը New York Magazine հանդեսին տված հարցազրույցում:
«Ես մուլտիմիլիոնատարերի այն որդիներից մեկը չեմ, որոնց ծնողները նրանց ասել են, որ իրենք կդառնան ԱՄՆ-ի նախագահ: Ես առավոտյան չեմ արթնանում նախագահ դառնալու այրող ցանկությամբ»,-հարցազրույցի ընթացքում հայտնել է Սանդերսը:
2016 թվականին Սանդերսը իր թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, բայց Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում տանուլ տվեց Հիլարի Քլինթոնին, որն ի վերջո համընդհանուր ընտրություններում զիջեց Թրամփին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: