Google-ը 1 մլրդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր է գնել Կալիֆոռնիայում. San Francisco Chronicle
Google կորպորացիան 1 մլրդ դոլարով գրասենյակային շենքերի համալիր է ձեռք բերել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Մաունթին-Վյու քաղաքում գտնվող իր կենտրոնակայանից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է San Francisco Chronicle թերթը: Հրատարակությունը նշում է, որ դա ընթացիկ տարում անշարժ գույքի ոլորտում խոշորագույն գործարքն է Սան Ֆրանցիսկոյում եւ մերձակա քաղաքներում:
Google-ի ներկայացուցիչները հաստատել են, որ համալիրը գնված է, բայց մանրամասնություններ չեն հայտնել: Թերթը գրում է, որ խոսքը վերաբերում է 12 գրասենյակային շենքերի, որոնց մակերեսը կազմում է գրեթե 74 հազար քառակուսի մետր: Այդ գրասենյակներում կարելի է տեղավորել մոտավորապես 5 հազար աշխատակիցների: Համալիրն առաջ պատկանում էր LinkedIn սոցիալական ցանցին: CNBC հեռուստաալիքը նշում է, որ Google ընկերությունն ավելի վաղ վարձակալում էր շենքերի մի մասը:
Ինչպես այս ամիս ավելի վաղ հայտնել է The Wall Street Journal թերթը, Google ընկերությունը պլանավորում է Նյու Յորքում իր ներկայացուցչությունը ընդլայնել նոր ծառայողական մակերեսների ձեռքբերման ճանապարհով, որոնք կբավականացնեն 12 հազար նոր ծառայողների տեղավորելու համար, ինչը թույլ կտա գործնականում կրկնապատկել ընկերության անձնակազմի թվաքանակը, որը ներկայում աշխատում է մեգապոլիսում: Այս պլանների իրագործումը, գրում է հրատարակությունը, թույլ կտա նոր հարթակների գործարկման դեպքում Նյու Յորքում Google-ի աշխատակիցների թվաքանակը հասցնել 20 հազարի:
Ներկայում, The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն, ընկերությունը մոտ է հաջողությամբ ավարտելու բանակցությունները Մանհեթենում, Ուեսթ Վիլիջի շրջանում՝ Սենթ-Ջոնս թերմինալում գրասենյակային շենքի ձեռքբերման կամ երկարատեւ վարձակալման շուրջ: Մինչեւ 2022 թվականն այնտեղ պլանավորվում է ավարտել նորոգման եւ կազմակերպչական մյուս աշխատանքները, ինչը թույլ կտա շենքում աշխատատեղեր ստեղծել 8,5 հազար ծառայողների համար՝ հաշվի առնելով ներկայում ընկերությունում ընդունված արտադրական նորմատիվները՝ յուրաքանչյուր աշխատողի համար մոտավորապես 14 քառակուսի մետր:
Բացի այդ, ինչպես հայտնել են հրատարակության աղբյուրները, Google-ում մտադիր են ընդլայնել Նյու Յորքում արդեն ունեցած արտադրական մակերեսները, մասնավորապես, Չելսի Մարկետում, Մանհեթենում՝ 28 հազար քառակուսի մետրով, եւ Փիրս-ում՝ 23 հազար քառակուսի մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: