Ֆրանսիայի իշխանություններն անհանգստացած են կանանց նկատմամբ բռնության բարձր մակարդակից
Ֆրանսիայի իշխանություններն անհանգստացած են կանանց նկատմամբ ընտանեկան բռնության բարձր մակարդակից: Ֆրանսիայի կառավարության կողմից հրապարակված տվյալների համաձայն, անցյալ տարի Ֆրանսիայում 109 կին է սպանվել ամուսինների կամ կենակիցների կողմից։
«Կենցաղային բռնությամբ պայմանավորված մահերի ընդհանուր թիվը կազմել է 247: Այս թվի մեջ մտնում են նաեւ ինքնասպանությունները, որոնք, որպես կանոն, կատարել են այլ ելք չգտած կանայք»,-ասված է Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների եւ գենդերային հավասարության հարցերով պետքարտուղար Մառլեն Շյապայի հայտարարության մեջ:
«Ֆրանսիան ամբողջությամբ մոբիլիզացված է ընտանիքում բռնության դեմ պայքարելու համար, որը բացարձակապես անընդունելի է, եւ պարտավորվում է հնարավոր ամեն ինչ անել՝ օգնելու նրանց, ովքեր հայտնվել են դժվարին կացության մեջ»,-նշում են կառավարության ներկայացուցիչները:
Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալներով, Ֆրանսիայում տարեկան տղամարդկանց կողմից բռնության զոհ է դառնում շուրջ 220 հազար կին: Յուրաքանչյուր երրորդ ֆրանսուհին հետամտումների կամ սեռական բռնության է ենթարկվում աշխատավայրում, եւ միայն քչերն են որոշում դիմել ոստիկանությանը:
«Գենդերային հավասարության եւ կանանց նկատմամբ բռնությունն արմատախիլ անելու համար պայքարը Ֆրանսիայի կառավարության աշխատանքի գերակա ուղղությունն է»,-ասել է Մառլեն Շյապան France Info-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: