
NASA-ն ցուցադրել է Մարսի վրա InSight առաքելության վայրէջքի տեսագրությունը

ԱՄՆ-ի NASA տիեզերական գործակալությունը ցուցադրել է Մարսի մակերեւույթին InSight առաքելության վայրէջքի տեսագրությունը: Ապարատն իջել է Էլիզիում հարթավայրում: Ուղիղ հեռարձակումը կատարվել է YouTube-ում՚։
Մոդուլը Երկիր է ուղարկել Մարսի մակերեւույթի առաջին լուսանկարը, այն հայտնվել է NASA-ի թռիչքների կառավարման կենտրոնի էկրանին: Երկնային մարմնի գազային թաղանթում ապարատի իջեցումը տեւել է մոտավորապես 6,5 րոպե: 11,88 մետր տրամագծով պարաշյուտի բացումը տեղի է ունեցել մոլորակի մակերեւույթից 12 կիլոմետր հեռավորության վրա:
Հպումից 15 վայրկյան առաջ ապարատը բաց է թողել հենարանները եւ մակերեւույթի վրա իջել ժամում շուրջ 8 կիլոմետր արագությամբ: Առաքելության նպատակ է հայտարարված Կարմիր մոլորակի երկրաբանական պատմության ուսումնասիրումը, այդ թվում՝ կյանքի հնարավոր հետքերի որոնումը: