Աշխարհում կանայք միջինը 16-22 տոկոսով ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ. ԱՄԿ
Աշխարհում կանայք միջինը 16-22 տոկոսով ավելի ցածր աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ: Այս տվյալները տեղ են գտել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) զեկույցում, որը հրապարակվել է Ժնեւում։ Փորձագետները վկայակոչում են հաշվարկների տարբեր մեթոդներ:
Ընդգծվում է, որ «73 երկրներից ստացված տվյալների հիման վրա, որոնք վերաբերում են աշխարհում աշխատողների 80 տոկոսին, աշխատավարձների միջինացված գենդերային խզումը կազմում է 16 տոկոս»: Միեւնույն ժամանակ, ինչպես այնուհետեւ պարզաբանում են զեկույցի հեղինակները, գոյություն ունեն այդ խզման հաշվարկման տարբեր եղանակներ: Այդ կապակցությամբ նրանք նշում են, որ «միջնակշռված աշխատավարձի գլոբալ գնահատականներում տարբերությունները տատանվում են 16-ից մինչեւ 22 տոկոս»՝ կախված մեթոդից:
Փաստաթղթում բերված վիճակագրական տվյալների համաձայն, Ռուսաստանում տղամարդկանց ու կանանց աշխատանքի ժամավճարներում տարբերությունը կազմում է միջինը 22,9 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 23,2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 16 տոկոս, Հնդկաստանում՝ 34,5 տոկոս, Կորեայի Հանրապետությունում՝ 32,5 տոկոս, Չինաստանում՝ 19,4 տոկոս:
Ինչպես զեկույցի հրապարակման կապակցությամբ հայտարարել է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը, «աշխատավարձի գենդերային խզումն այսօր սոցիալական անարդարության ամենամեծ դրսեւորումն է, եւ բոլոր երկրները պետք է ջանան ավելի լավ հասկանալ՝ ինչով է դա պայմանավորված եւ արագացնեն առաջշարժումը դեպի գենդերային հավասարություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: