Բաժիններ՝

Գավառ քաղաքում ցնծությամբ են դիմավորել պարալիմպիկ միջազգային խաղերի հաղթող Գեւորգ Աֆրիկյանին

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում համաքաղաքացիները ցնծությամբ, զուռնա-դհոլով ու շնորհավորանքներով դիմավորեցին Գեւորգ Աֆրիկյանին:

Ինչպես տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, Գեւորգը վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է Եվրոպայի պարալիմպիկ բաց առաջնությանը եւ հաղթող ճանաչվել: Նա հանդես է եկել ուժային եռամարտ՝ սեղմում պառկած դիրքից վարժությունում: «Գեւորգին Թբիլիսի ուղեկցել է Գավառի մարզադպրոցի տնօրեն եւ մարզիչ Դավիթ Ասոյանը, որը նրա հաջողություններով թերեւս ամենաշատն էր ոգեւորված: Գեւորգն այս մարզաձեւում մարզվում է արդեն 4 տարի եւ իր նպատակասլացության արդյունքում այսօր արդեն Եվրոպայի առաջնության հաղթող է:

Սեղմում պառկած դիրքից վարժությունում նա հաղթահարել է 70 կիլոգրամանոց ծանրություն արգելքը 59 կիլոգրամ քաշային կարգում: Գեւորգի հաղթանակով ոգեւորվել էին շատերը. նրանք անձամբ էին եկել շնորհավորելու չեմպիոնին, որի ցուցաբերած օրինակը ուսանելի ու ոգեւորող պետք է լինի բոլոր պարալիմպիկ մարզիկների համար: Մեր նորընծա չեմպիոնը, չնայած ֆիզիկական խնդիրներին, վարում է չափազանց ակտիվ կյանք, մարզվում Գավառի մարզադպրոցում, զբաղվում լեռնագնացությամբ, մշակութային խմբերի կազմակերպմամբ, տուրիստական արշավներով, այլ հանրօգուտ ձեռնարկներով՝ ցուցադրելով մարդկային մտքի եւ ուժի անսահման հնարավորությունները»,- ներկայացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս