Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ»
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ», ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարին: 2013 թվականից Վարշավայի քաղաքային խորհրդի որոշմամբ, ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության, պուրակը կրում է «Հայկական պուրակ» անվանումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը եղել է նաև Վարշավայի համալսարանի գրադարանում: Գրադարանի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում տիկին Սարգսյանն առաջարկել է քայլեր ձեռնարկել գրադարանում առկա հայկական բաժինը համալրելու ուղղությամբ, իրականացնել երկու երկրների գրադարանավարների փոխանակման ծրագիր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողական աշխատանքներ տանել հետագա համագործակցության ծրագրերի կյանքի կոչման նպատակով:
Վարշավա այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի հայտնի թանգարաններից մեկը՝ Թագավորական պալատ: Տիկին Սարգսյանին ներկայացվել են թանգարանի պատմությունը, շրջել է սրահներով, ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրության մաս հանդիսացող հայկական գորգերի ցուցադրությանը:
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Վարշավայի Զինվորական պանթեոնում գտնվող՝ Լեհաստանի Անհայտ Զինվորի խորհրդանշական մոր՝ ազգությամբ հայ Յադվիգա Զարուգևիչի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: