Նիկոլ Փաշինյանը Գյումրիում թվարկեց ՀՀ հաղթանակները՝ անկախության ձեռքբերում, Արցախյան պատերազմ և 2018-ի գարուն
Գյումրիում այսօր «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղուհացով, իսկ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղկեփնջով։ Նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյանի ելույթի սկզբում քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ ո՞ւր է Չալոն։
«Չալոն մեր տանն ա, ո՞ւր ա։ Հա, լուրջ եմ ասում, ժողովո՛ւրդ ջան»,- պատասխանեց Փաշինյանը՝ հավելելով, որ Ջավախքում էլ մեկ այլ տեսակի շուն էին նվեր ստացել՝ Արջուկը, և դրանք իրար հետ «յոլա չեն գնում»։
Ն.Փաշինյանը հիշեց, թե ինչու էին իրենց քայլը սկսել Գյումրիից. «Մարտի 31-ին ինչո՞ւ մենք Գյումրիից սկսեցինք։ Որովհետև գիտենք, որ էն գործը, որ Գյումրիից սկսվեց, խերով ա էդ գործը, ժողովուրդ ջան, խերով ա, դուխով ա»։
Այդ իսկ պատճառով Փաշինյանը ներդրողներին խորհուրդ տվեց ներդրումներ անել նաև Գյումրիում։
Նա ներողություն խնդրեց գյումրեցիներից, որ պաշտոնը ստանձնելուց հետո Գյումրի չէր գնացել։
«Դու երգիրը կառավարե»,- արձագանքեց հանրահավաքի մասնակիցներից մեկը։
Ն.Փաշինյանը խոսեց աշխատանքի կարևորության մասին, որպեսզի կարողանան հաղթահարել աղետի հետևանքները. «Գյուրեցին որևէ մեկի ողորմության կարիքը չի ունեցել և չի ունենալու։ Գյումրեցին աշխատելու է, գյումրեցին միշտ հարուստ է եղել և գյումրեցին լինելու է բարեկեցիկ»։
Փաշինյանը թվարկեց, որ Արթիկում կարի արտադրամաս է բացվելու 800 աշխատատեղով, նաև վերելակի արտադրություն են ուզում ստեղծել, Գյումրիում տեքստիլ ֆաբրիկա է լինելու։ Նա խոստացավ դեկտեմբերի 7-ին ևս լինել Գյումրիում ու կառավարության արտահերթ նիստ անցկացնել՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Փաշինյանը նշեց, որ քննարկումներ են ընթանում՝ տնակային ավանների խնդիրը լուծելու ուղղությամբ։ Իրենց ամենակարևոր առաքելությունը Փաշինյանն անվանեց աշխատանքի խրախուսումը։
Ըստ նրա՝ թոշակների բարձրացման առաջին փուլում բարձրացվել են 25 հազար դրամից ցածր ստացողների թոշակները, 120-150 հազար մարդու աշխատավարձը հաջորդ տարի բարձրացվելու է, շատերի վարկային պատմությունը մաքրվել է, հիպոթեքային տոկոսադրույքներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի, անշարժ գույքի շուկայում արժեքները բարձրացել են, հաջորդ քայլը հարկերից միկրոբիզնեսի ազատումն է։
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ Երրորդ Հանրապետության պատմության մեջ 3 խոշոր հաղթանակներ ենք ունեցել՝ անկախության ձեռքբերում, Արցախյան պատերազմում հաղթանակը, որն ամենակարևորն է, և 2018-ի գարնանը հայ ժողովրդի տարած քաղաքացիական հաղթանակը, որի արդյունքում ՀՀ քաղաքացին ազատ է, ինքնիշխան։