Նիկոլ Փաշինյանի պատասխանն Արմեն Աշոտյանին ու «Սասնա ծռերին»
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արթիկում նախընտրական հանրահավաքի ժամանակ բացահայտեց իր քաղաքական գործունեության թիրախը՝ ասելով, որ յուրաքանչյուրն ամեն ինչ որոշում է իր մի ձայնով։
«Հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ և այն պատճառով, որ ձեզնից յուրաքանչյուրը հասկացավ, որ իր որոշման արդյունքում միայն կարող է տեղի ունենալ որևէ բան»,- ասաց Ն.Փաշինյանը։
Ըստ նրա՝ այս ընտրություններում ևս յուրաքանչյուրի ձայնն է որոշում ՀՀ ապագան։ Ն.Փաշինյանը հայտարարեց, որ «կկտրեն այն ձեռքը», որ ՀՀ քաղաքացուն կփորձի նվաստացնել ընտրակաշառքով։ Նրա բնորոշմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացու ձայնն անգին է, և իրենք դրան վերաբերվում են՝ որպես սրբության։
Ն.Փաշինյանի խոսքով՝ մարդիկ կան, որ իրեն ասում են, թե այդպես չեն աշխատում վարչապետ, վարչապետի «ռոժը պետք է սենց լինի», վերհիշեց իր անցյալից դրվագներ, երբ ուսանողական, լրագրողական, պատգամավորական տարիներին ասում էին, թե ուսանողը, լրագրողը, պատգամավորը նման ձևով չեն լինում, «սենց» են լինում, «մարդիկ կային, ասում էին՝ տենց չի բանտ նստելու ձևը», հեղափոխության ժամանակ ասում էին՝ ԱՄՆ, ՌԴ, ԵՄ, Սորոսի «դաբրոն» ունե՞ք, օլիգարխների, իշխանության հետ պայմանավորվե՞լ եք։ Նա անդրադարձավ նաև իր թիմի հասցեին հնչող մեղադրանքներին, թե ծախված են։
«Ես մի անգամ եմ կրակոց անելու, ես փուստ կրակոց չեմ տալու»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ իշխանափոխության ժամկետ ինքը նշանակել էր 2017 թ. մինչև 2018 թ. ապրիլ, իսկ «դաբրոն» միայն ՀՀ ժողովրդից է ստացել։
Ն.Փաշինյանն անդրադարձավ նաև իր թիմի մասին հնչող քննադատություններին ու հայտարարեց, որ դա այն թիմն է, որ կազմակերպեց հեղափոխությունը, կանգնեց իր կողքին այն ժամանակ, երբ իրեն բարև տալը խնդրահարույց էր, ապրիլին տասնյակներով բանտերում հայտնվեցին։ Նա նկատեց, որ չի ասում՝ իր թիմն իդեալական է, բայց ջախջախիչ հարված է հասցնելու ստահոդ լուրեր տարածողներին, օրինակ՝ 300 ֆեյքեր են բացել, աշխատավարձ չեն տվել, որ նրանք ամեն օր առողջապահության նախարարի հասցեին վատ բաներ գրեն. «Մեր ժողովուրդը կեղծիքը ճշմարտությունից տարբերում է, և ես համոզված եմ, որ այս ընտրություններում մեր ժողովուրդը իր հստակ «այո»-ն կասի ճշմարտությանը, և «ոչ»-ը կասի ստին ու կեղծիքին»։
Ն.Փաշինյանը վստահեցրեց, որ հեղափոխության օրերին որևէ առնչություն չեն ունեցել այն պաստառների հետ, որոնց վրա գրված էր՝ «Շարմազանով 2018» կամ «Աշոտյան 2018», ու հարցադրում արեց. «Էդ պաստառներով ի՞նչ եք ուզեցել ասեք՝ իբր Հայաստանում սուգ ա՞, իբր Հայաստանը սև ա՞»։
Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե դեկտեմբերի 9-ին «Իմ քայլին» անակնկալ է սպասվում, Ն.Փաշինյանը հակադարձեց, թե այդ անակնկալն այն է լինելու, որ պարզվելու է՝ անգամ ՀՀԿ-ականների ընտանիքների անդամներն իրենց ձայն չեն տվել։
Ն.Փաշինյանն անդրադարձավ նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հայտարարությանը, թե այս խորհրդարանը 1-1.5 տարվա կյանք է ունենալու. «Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չի։ Ես ասում եմ բոլորին՝ մեր ժպիտներն ու մեր քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել՝ որպես թուլություն։ Էդպիսի մի քանի դեպք եղել ա, և էդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը։ Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս գնալ էդ ճանապարհով՝ ով ուզում է՝ լինի»։
«Ընտրվող խորհրդարանը լինելու է լեգիտիմ և գործելու է իր լիարժեք ժամկետներում, եթե ՀՀ քաղաքացիներն այլ բան չորոշեն»,- հավելեց Ն.Փաշինյանը։