Խաչատուր Քոքոբելյանը խոստացավ առաջին տարում 25%-ով բարձրացնել թոշակներն ու աշխատավարձները
Այսօր Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ՄԵՆՔ դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկում և ինչ է անելու ՄԵՆՔ-ը։ Ըստ նրա՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, վերջապես տեղի ունեցավ բեկումնային պրոցես, որի ընթացքում ժողովրդին հաջողվեց իշխանության ղեկից հեռացնել հանցավոր մի խմբավորում։
«Բայց ի՞նչ ունենք հիմա և ի՞նչ ենք ուզում»,- հարցադրում արեց Քոքոբելյանը։
Նա հորդորեց չվախենալ ասել, որ Աչաջուրում աստիճանները կոտրվել էին փող ստանալու համար գոյացած հերթից։ Խ.Քոքոբելյանը նշեց, թե Հայաստանից ինչեր են գողացվել, օրինակ՝ միայն 10 ընտանիքի կողմից վերջին 20 տարում գողացվել է 10 մլրդ դոլար, ինչն ամրագրել են միջազգային կառույցները։ Նրա կարծիքով՝ այդ գողոնը պետք է հետ բերել ու թոշակ բարձրացնել։ Խ. Քոքոբելյանի հաշվարկով՝ ՀՀ-ում ստվերը 3.5 մլրդ է, որը մինչ օրս չի վերացվել, նաև չի վերացվել մենաշնորհը։
«Մենք ուզում ենք շենացնել հայրենիքը»,- ասաց Քոքոբելյանը՝ խոստանալով ԱԺ-ում անգամ 10 պատգամավորով հասնել նրան, որ առաջին իսկ տարում 25%-ով բարձրացնեն թոշակներն ու մանկավարժների և բժիշկների, սպաների աշխատավարձերը։ Նա նշեց, որ նոր մասնագիտական մոտեցումներ են պետք, պետք է ստեղծվի ներդրումները երաշխավորող հիմնադրամ, ներդրողներին որոշ ժամկետով ազատել հարկերից, կենսաթոշակային համակարգից դարձնել ոչ պարտադիր, պետական մակարդակով վերահսկել առաջին անհրաժեշտության 10 ապրանքների գները։
Խ.Քոքոբելյանը համոզմունք հայտնեց, որ Ազգային ժողովում ՄԵՆՔ-ի անվազն 10 պատգամավոր ներկա կլինի ու կիրականացնի իրենց խոստումները։
Խ.Քոքոբելյանը հիշեցրեց, որ իր եղբորը կալանավորելով, նախկին իշխանությունը փրոձել է ճնշում գործադրել իր վրա, ինքը կարող էր նախկին իշխանությունների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ, բայց այդ դեպքում իր ծնողների առջև պազերես չէր կարողանա նայել. «Ես լուսահոգի մորս աչքերին չէի կարողանա նայել»։