«Մեզ ասում են՝ գիտեք ինչ, բա գնայիք, հարկադրանքով Ընտրական օրենսգիրքն ընդունել տայիք»

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Թալինում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իր թիմը լիարժեք կատարել է ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունման հետ կապված՝ նախագիծը պատրաստել են, 2 անգամ մտցրել Ազգային ժողով, և իրենցից կախված ջանքերը գործադրել են, որ այն ընդունվի։

«Բայց մի անգամ վերջին պահին 3 հոգի էն կողմից ա փախել, վերջին պահին 2 հոգի՝ էն կողմից։ Ի վերջո, մենք խորհրդարանում ունեցել ենք մաքսիմում 9 ձայն, ու մեզ ասում են՝ գիտեք ինչ, բա գնայիք, հարկադրանքով օրենսգիրքն ընդունել տայիք։ Ինչի՞ մենք էդ ճանապարհով չենք գնացել, որովհետև Հանրապետականի ուզածը դա էր, որովհետև եթե մենք էդ ճանապարհով գնայինք, ամբողջ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կլիներ կասկածի տակ։ Ինչո՞ւ։

Որովհետև նրանք լացուկոծով գնալու էին միջազգային հանրության մոտ, ասելու էին՝ մենք նախկինում ունեինք ԸՕ, որը միջազգային հանրության կողմից ընդունված էր, իբր, քաղաքական ուժերի կողմից կոնսենսուսով ընդունված էր, բայց հիմա մեզ զաստավիտով ստիպեցին ԸՕ ընդունել և տեղում ընտրություններ անել։ Նրանք անընդհատ մեզ սադրանքի էին ենթարկում, որ մենք գնանք, իրենց ստիպենք, որ իրենք ստիպելով քվեարկեն, որպեսզի ԸՕ-ն և ընտրական ողջ պրոցեսը լինի լեգիտիմությունից դուրս։

Բայց մենք նրանց էդ կոմբինացիան, որ նրանք պատրաստում էին ներսերով, դրսերով, կռահեցինք և ասեցինք, որ թույլ չենք տա որևէ քայլ, որ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը հայտնվի կասկածի տակ»,- ասաց Ն.Փաշինյանը։

Նա հարցադրում արեց՝ ի վերջո ընտրությունների արդյունքը ժողովրդի՞ քվեարկությամբ, թե՞ իշխանությամբ ու օլիգարխիայով է որոշվում։

Ն.Փաշինյանը շեշտեց, որ իրենք երաշխավորել են, որ որոշվելու է միայն ժողովրդի քվեով, և ակնկալում են, որ քաղաքացիները հեղափոխություն իրականացրած ուժին ոչ միայն վստահության քվե կտան, այլ բավարար քաղաքական ռեսուրսով ու վստահությամբ կապահովեն, որ մինչև վերջ Հայաստանից արմատախիլ անեն կոռուպցիան, իրականացնեն տնտեսական հեղափոխություն, որ Հայաստանն անշրջելիորեն դարձնեն ազատ, հզոր և երջանիկ պետություն։

Տեսանյութեր

Լրահոս