«Եթե մենք ձեր քաղաքական մրցակիցը չենք, գոյություն չունենք, ինչո՞ւ եք պայքարում մեր ուրվականների դեմ, հարգելի իշխանավորներ». Արմեն Աշոտյան

«Մենք չենք ասել, որ լինելու ենք կառուցողական ընդդիմություն, հակառակը՝ ասել ենք, որ դիրքավորվում ենք՝ որպես սկզբունքային, արմատական ընդդիմություն: Մի կողմից՝ իշխանությունները գուժում են մեր քաղաքական վախճանը, մյուս կողմից՝ իրենց ամբողջ քաղաքական ռեսուրսն այս օրերի ընթացքում դրել են բացառապես մեր դեմ պայքարելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Եթե մենք ձեր քաղաքական մրցակիցը չենք, գոյություն չունենք, այդ դեպքում ինչո՞ւ եք պայքարում մեր ուրվականների դեմ, հարգելի իշխանավորներ, ո՞րն է իմաստը՝ պայքարել քաղաքական ուժի դեմ, որն ըստ ձեզ՝ զրոյացված է: Այդտեղ կա մեծ պարադոքս, որի պատասխանը Փաշինյանն անձամբ լավ գիտի»,- հայտարարեց նա:

ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ կառուցողական ընդդիմության հավակնորդներ քաղաքական դաշտում բազմաթիվ ուժերի տեսքով կան.

«Նրանք շատ են, որովհետև ոչ թե հիմնավորում են՝ ինչու ընտրել իրենց, այլ՝ ինչու չընտրել Հանրապետականին: Ես առաջարկում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը սկսեն հիմնավորել, թե ինչու պետք է ընտրողն իրենց ընտրի»:

Արմեն Աշոտյանն էլ նկատեց, որ որոշ ուժերի, այդ թվում՝ իշխանության ծրագիրն այս պահին գոնե իրենց հասանելի չէ.

«Վստահ եք, չէ՞, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ամենահավատարիմ ընթերցողները մենք ենք լինելու, բայց դեռ չեմ տեսել այդ ծրագիրը: Ես տեսել եմ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաք, և մի փոքր գաղտնիք բացեմ՝ հիմնական ծախսերը պլանավորվում և արվում են ընտրարշավից առաջ, այսինքն՝ գումարը ծախսվում է շատ ավելի շուտ, քան այդ մարդիկ դրամահավաք են արել: Կներեք, եթե դրամահավաքը ցույց տալու համար էր, թե որտեղից «Իմ քայլը» դաշինքին այդքան մեծ գումար, որ մեծ ծավալով մտել են բաներներ, հեռուստատեսային գովազդ, և այլն, այդ դեպքում պետք չէ ասել, որ մեկը շատ փող ունի, մյուսը՝ քիչ, իրենք արդեն նախընտրական ընտրարշավի համար շատ փող ունեն»:

Նա նշեց, որ, քանի որ իրավիճակը Հայաստանում դասական չէ, քարոզարշավն էլ չի կարող դասական լինել.

«Օրինակ՝ դասական չէ, որ առանց երևելի ցուցանիշների աշխատած կառավարության վարչապետը քարոզարշավի խաթր երկու շաբաթով երկիրը թողնում է առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հույսին: Դասական չէ, երբ Փաշինյանի հաղթանակի մեջ որևէ մեկը չի կասկածում, նա ամեն ինչ թողնում ու գնում է քարոզարշավ անելու: Մենք օգտվելու ենք քարոզչության բոլոր հնարավորություններից՝ համացանց, մամուլ, դռնեդուռ արշավ, մեծ միտինգներ չենք անելու: Երբ մենք էինք իշխանություն, այդ մեծ միտինգները մենք էինք անում, իրենք ընկած էին դռնեդուռ, հիմա իրավիճակ է փոխվել, մենք ենք ընկել դռնեդուռ ու չենք ամաչում դրանից»:

Տեսանյութեր

Լրահոս