«Էս ընտրություններին պետք ա արձանագրել Հանրապետական թալանչիների քաղաքական մահը». Նիկոլ Փաշինյան

«Էսօր Հանրապետական կուսակցությունը դուրս ա եկել մեյդան, էդ տապանաքարի նման պլակատներն էլ սարքել են սևով, և ճիշտ էլ արել են, որովհետև էս ընտրություններին պետք ա արձանագրել Հանրապետական թալանչիների քաղաքական մահը»,- այսօր Թալինում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս ընտրություններով 20 տարի և ավելի թալանած հանցավոր խմբավորումը պետք է նետվի պատմության աղբանոցը.

«Ասում են՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկեք Հանրապետականի օգտին։ Այդ բանակը 20 տարի թալանած, սերմացու գողացող մկնե՛ր, դուք դեռ բարոյական իրավունք ունեք բանակի մասին խոսե՞լ։ Դո՛ւք, որ մեր զինվորին նույնիսկ մայկա-տրուսիկով չեք կարողացել ապահովել»։

Ն. Փաշինյանը նշեց, որ գիտի` ինչ է պետք անել ՀՀԿ-ականներին՝ բռնել ու մի շաբաթ ստիպել ուտել այն, ինչ ՀՀԿ-ից ժառանգություն ստացած իներցիայով դրվում է զինվորի սեղանին.

«Մի շաբաթ, տո ի՞նչ մի շաբաթ, 3 օր պետք ա կերցնել ու ասել՝ ձեններդ կտրեք, ծպտուն չհանեք բանակի մասին։ Որովհետև էն, ինչ դուք արել եք բանակի հետ, դա կոչվում ա ազգային դավաճանություն, ոչ միայն բարոյական, այլև քրեական իմաստով։ Եվ զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափելու պատասխանատվությունից։ Նրանց տեղը բանտն ա, և նրանք հայտնվելու են բանտում»։

Ն. Փաշինյանը շեշտեց, որ ժողովրդից  գողացած ամեն կոպեկը վերադարձվելու է, իսկ աշխարհի ծայրն էլ փախածներին «վզներից բռնելու» են ու բերեն Հայաստան։ Նա հայտարարեց, որ վստահ առաջ գնալու համար պետք է «ափալ-թափալ» չգործեն։ Նա մերժեց, որ հեղափոխությունը կարող է ձախողվել, քանի որ ժողովուրդը չի կարող ձախողվել։

Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին՝ Ն.Փաշինյանը հայտարարեց, որ հետևողական են լինելու Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու հարցում, չի լինելու Ղարաբաղի հարցի կարգավում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի լուծման, նաև ԼՂ ու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը նույնն է, բայց հարցը համահայկական լուծում պետք է ստանա։

Նա նկատեց, որ եղած բյուջեով ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Հայաստանի հարց չի լուծվի, ու եկամուտները մեծացնելու համար պետք է աշխատել. «Մենք չպիտի լինենք խեղճ ու աղքատ ժողովուրդ։ Մենք պետք ա լինենք հարուստ, ուժեղ, սեփական ուժերի վրա վստահ երջանիկ ժողովուրդ»։

 

Տեսանյութեր

Լրահոս