Նիկոլ Փաշինյանն ազդարարեց Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության մեկնարկը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթն ավարտվեց: Նիկոլ Փաշինյանն ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց, որ այսպիսով ազդարարում է Հայաստանում ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխության սկիզբը:
«Այսօր մենք իրականացրինք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաերկար և ամենատևական երթը: Մեր երթը տևեց ուղիղ 9 ժամ 25 րոպե, և 37.5 կմ մեկ օրվա մեջ։ Ինչ խորհուրդ ուներ այս ամենը. առաջինը՝ մենք սրանով ևս մեկ անգամ ի ցույց դրեցինք, որ մեր կամքը ամուր է քարից էլ, և մեր հոգին հանձնվել չգիտի, և մեզ ազատ և երջանիկ Հայաստանի կառուցման ճանապարհին ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի, որովհետև մենք վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, ժողովրդի մանդատը, և մենք ժողովրդի իշխանությամբ Հայաստանը կառաջնորդենք դեպի ազատություն, զարգացում, երջանկություն այնքան ժամանակ, որքան մեր ժողովուրդը կցանկանա: Իսկ այսօր մենք տեսանք հազարավոր քաղաքացիների, հազարավոր քաղաքացիների ողջունեցինք, նրանց աչքերի մեը նայեցին, հազարավոր քաղաքացիների օրհնությունը ստացանք: Երկրորդ խորհուրդը հետևյալն էր՝ դա, ըստ էության, ինչ-որ առումով քավության ճանապարհ էր, որովհետև մենք արդեն 6 ամիս՝ առաջնորդում ենք Հայաստանը կառավարության ու իշխանության կարգավիճակով: Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների ու վրիպումների համար: Սա նաև ի հարգանս քավության երթ էր բոլոր այն քաղաքացիների, ովքեր որևէ կերպ դառնացել են այս ընթացքում, որևէ հիասթափություն են ապրել այս ընթացքում:
Բայց, սա նաև ոչ թե երթ էր, այլ մի յուրօրինակ ուխտագնացություն Երևան մայրաքաղաքի փողոցներով: Մենք, այս ուխտագնացությամբ, հաստատեցինք մեր հավատարմությունը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքներին: Մենք ցույց տվինք, որ հավատարիմ ենք այդ ճանապարհին, և մեզ ոչինչ չի ստիպի շեղվել այդ ճանապարհից: Հեղափոխությունը սկսվեց այն ժամանակ, երբ ձեզնից ու մեր քաղաքական թիմից լիազորված ապրիլի 16-ին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեցի, որ Հայաստանում մեկնարկում է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը, և այդպես էլ տեղի ունեցավ: Եվ ես հիմա այստեղից ուզում եմ ազդարարել, որ Հայաստանում սկսվում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա տնտեսական հեղափոխութունը, որի արդյունքներով Հայաստանն իսկապես դառնալու է տնտեսապես զարգացած, բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, բարեկեցիկ երկիր, երջանիկ մարդկանց երկիր, ազատ մարդկանց երկիր, հզոր մարդկանց երկիր»,- ասաց Փաշինյանը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ին Նոր Նորքի 6-րդ զանգվածից մեկնարկած երթն անցավ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններով: Համաերևանյան քայլերթը Նիկոլ Փաշինյանը ավարտեց Կառավարության շենքի մոտ: