«Ես չեմ բացառում, որ ՀՀԿ-ի օրոք կարող էին լինել «հեռախոսային արդարադատության» դեպքեր, բայց ես ակնհայտ փաստ ունեմ, որ այս իշխանության օրոք կա այն». Արփինե Հովհաննիսյան

«Հանրապետականը, ի տարբերություն այսօրվա իշխանությունների, չի խոսում այն մասին, որ դատական իշխանությունը եղել է անկախ, ոչ մի մջամտություն չի եղել, իրավապահ համակարգը՝ ոչ ԱԱԾ-ն, ոչ ՀՔԾ-ն չեն զանգել։ Հանրապետականը գոնե «հերոսաբար» այդ մասին չի թափահարում։ ՀՀԿ-ն ընդունում է, որ կառավարման ոլորտում սխալներ եղել են, բայց էսօրվա իշխանություն բացարձակ հայտարարում է, որ անկախ են, էն էլ ինչպես են անկախ, ու հետո հանկարծ տեսնում ենք, որ ոնց որ թե էդպես չի»,- «Երկիր Մեդիայի» եթերով հեռարձակվող «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում պատասխանելով Դավիթ Սարգսյանի այն դիտարկմանը, թե դատական իշխանությունն այնքան անկախ չէ հիմա, որքան անկախ չէր անցյալ տարի, և Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից  նոր իշխանությունների սուր քննադատություններն անլուրջ են ընկալվում, նշեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ներկայիս դատական համակարգը ՀՀԿ-ի օրոք է ստեղծվել, և Հայաստանի Հանրապետության անունից որոշումներ կայացնող դատավորների արժեհամակարգն իրենց օրոք է կերտվել, և շատ վատ է, որ այդ նույն դատավորները, կախված քաղաքական իրավիճակից, փոխում են իրենց դիրքորոշումները, Ա. Հովհաննիսյանն ասաց.

«Դուք ուզում եք ինձ համոզել, որ այդ արժեհամակարգը կրողները 10-20 օրում փոխվեցի՞ն. Արժեհամակարգն այնպիսի բան է, որ 10-20 օրում փոխվո՞ւմ  է։ Ներկայիս դատավորները տարբեր ժամանակներում են նշանակվել, և նրանց մեջ կան շատ լավ դատավորներ, կան նաև դատավորի բարձր կոչմանը ոչ արժանիները։ Ես չեմ բացառում, որ ՀՀԿ-ի օրոք կարող էին գրանցված լինել, այսպես կոչված, «հեռախոսային արդարադատության» դեպքեր, բայց ես ակնհայտ փաստ ունեմ, որ այս իշխանության օրոք կա այն. բոլորն են տեսել։ Հանկարծ թող չթվա, որ ես երեսպաշտություն եմ անում ու ասում եմ, որ ՀՀԿ-ի իշխանության տարիներին սխալներ չեն եղել, բայց մերկապարանոց հայտարարություններ բոլորը կարող են անել։ Ես ասում եմ, որ մենք հիմա էլ ունենք «հեռախոսային արդարադատության» փաստ»։

Տեսանյութեր

Լրահոս