«Սոցիոլոգիական կեղծարարության ասպետներն ուժից վեր խնդիր են դրել իրենց ուսերին». «Սասնա Ծռեր»
Գահընկեց եղած ռեժիմի նախկին ընտրություններից քաջ հայտնի և քաղաքական պատվերներ կատարող տխրահռչակ «Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիա» կազմակերպության հայաստանյան գրասենյակ կոչվող սոցիոլոգիական հաստատությունը հերթական պատվերն է ստացել՝ նսեմացնել և հնարավորինս աննշան ներկայացնել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության կշիռը քաղաքական դաշտում:
Պետք է ընդունենք, որ Չախ-չախ թագավորի հեքիաթի ավանդույթներին հավատարիմ այս կեղծ «Գելափին» իսկապես հաջողվել է, ի վերջո, այնպիսի սուտ մոգոնել, որին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, վերջապես հավատացինք:
Այն է՝ թե մեզ առհասարակ անհայտ է «Սասնա Ծռեր» անունով քաղաքական ուժը և որ նա իր անհայտությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր փոքր ու մեծ քաղաքական ուժերին:
Ըստ երևույթին, այս կեղծ «Գելափին» պատվիրված հերթական անհեթեթությունը արդյունք է նախաէպոսյան Հայաստանում արված հետազոտության:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ըստ էության գործ ունենք քաղաքական այնպիսի պատվերի հետ, որը նպատակ ունի հասարակությանը նախապատրաստելու հերթական ընտրական կեղծիքին, այն է՝ Սերժ Սարգսյանի և նրա օլիգարխիկ, մարտիմեկյան ՀՀԿ-ԲՀԿ տանդեմի քաղաքական հարությանը, այս անգամ արդեն՝ որպես «քաղաքական ընդդիմություն»:
Ակնհայտ է, որ սոցիոլոգիական կեղծարարության ասպետներն ուժից վեր խնդիր են դրել իրենց ուսերին:
Պարոնայք կեղծարարներ, զուր ջանքեր մի վատնեք, Սասնա Ծռերը լինելու են գալիք խորհրդարանում …
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն