Հակոբ Արշակյանը՝ Հայաստանի ամենաթանկ հյուրանոցում ասուլիս կազմակերպելու մասին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր ամփոփում էր նախարարության վերջին 6 ամսվա գործունեության արդյունքները և ներկայացնում էր առաջիկա ծրագրերը: Ասուլիսը հրավիրված էր «ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈԹԵԼ» հյուրանոցում:
Համացանցում շատերն էին քննադատել այստեղ ասուլիս կազմակերպելը՝ նկատելով, թե մեկ ամիս է՝ նշանակվել է, և իր նախորդների աշխատանքն ամփոփելու համար Հայաստանի ամենաթանկ հյուրանոցում է ասուլիս կազմակերպում:
Անդրադառնալով քննադատություններին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարն ասաց, որ մամուլի ասուլիսն այստեղ կազմակերպելու պատճառն այն է եղել, որ հնարավոր լիներ անել պրեզենտացիա:
Իսկ սրահը վարձակալելու վերաբերյալ էլ հայտնեց, որ 80 000 դրամ է անհրաժեշտ եղել, որը բյուջեի միջոցներից չի վերցրել:
«80 000 դրամ է հատկացվել, բայց ոչ բյուջեից, այլ իմ գրպանից: Իմ ընկերների օգնությամբ, իմ միջոցներով է կազմակերպվել՝ ներկայացնելու ամբողջ նախագիծը»,- հավելեց նա:
Անի Կարապետյան