Արցախում աշակերտների թվի աճով պայմանավորված՝ կավելացվեն դպրոցների համար նախատեսված ծախսերը
Կրթության, գիտության և սպորտի ոլորտի համար 2019 թվականի պետական բյուջեի նախագծով ծախսերը կկազմեն 15 մլրդ 184.3 մլն դրամ, կամ 2018 թվականի պլանավորված ցուցանիշից ավել 0.7 տոկոսով (106.2 մլն դրամով):
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝ մանրամասնելով, որ այդ գումարից 10 մլրդ 49.2 մլն դրամը ուղղվելու է հանրակրթական դպրոցների համար նախատեսված ծախսերի իրականացմանը, որը ընթացիկ տարվա համեմատ ավել է 58.9 մլն դրամով, ինչն էլ հիմնականում պայմանավորված է դպրոցներում աշակերտների թվաքանակի ավելացմամբ:
«Սպորտի ոլորտի ծախսերը կկազմեն 344.9 մլն դրամ՝ ընթացիկ տարվա համեմատ աճելով 28.5 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին Արցախի մարզիկների մասնակցության ծախսերի ավելացմամբ: Գիտության ոլորտի ծախսերը կազմում են 72.6 մլն դրամ, կամ ընթացիկ տարվա ծախսերից ավել 11.1 մլն դրամով»,- ավելացրել է Ա. Հարությունյանը: