«Քաղաքական ուժերն ադեկվատ չեն, քարոզարշավը կրեատիվ չէ». Արմեն Բադալյան

«Շատերը նշում են, որ քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, բայց, չէ՞ որ ոչ ոք չէր արգելում նոյեմբերի սկզբից, երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քարոզարշավ իրականացնել։ Ի՞նչն է խանգարել նրանց։ Քարոզարշավը պարտադիր չէ զուտ քարոզարշավի ձևով անցկացնել, դրա տարբերակները բազմաթիվ են՝ մամուլի ակումբներում, հյուրանոցներում դահլիճների վարձակալություն, քո տեսակետն այս կամ այն հարցի վերաբերյալ ներկայացում, և այլն։ Դա կարելի էր անել, բայց իրենք դա չարեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով քարոզարշավի մասին։

Ըստ նրա՝ դա ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը դեռևս ադեկվատ չեն, իսկ ոչ ադեկվատից դժվար է ասել, թե ինչ քարոզարշավ կլինի.

«Ենթադրում եմ՝ ստանդարտ ձևի քարոզարշավ կգնա, բացի, իհարկե, «Իմ քայլը» դաշինքից, որը մի քիչ ավելի գրագետ է։ Մյուսները կրկին՝ ԲՀԿ-ն ասելու է «Իմ խոսքը գործ է», «Սասնա ծռերը» կգնան իրենց հայդատականության սկզբունքով, «Լուսավոր Հայաստանը», ամենայն հավանականությամբ, կփորձի արևմտամետությունը որպես գործոն օգտագործել։

Մի խոսքով՝ նույն ձևով, ոչինչ չի փոխվել։ Հանրապետականի մարտավարությունն արդեն ցույց է տալիս, որ մոտավորապես այսպիսի քարոզարշավ կիրականացնեն, ինչը և իրենց կարգախոսում կա՝ կո՞ղմ ես իշխանությանը, քվեարկիր կոնկրետ ուժին, մտահո՞գ ես՝ քվեարկիր ՀՀԿ-ին։ Ի դեպ, ոչ միայն դժգոհ, այլև՝ մտահոգ, մտահոգների թիվն ավելի շատ է, քան դժգոհների։ Նրանք, փաստորեն, փորձում են ընտրազանգված մեծացնել, մյուսներին չեզոքացնել։ Մոտավորապես այսպիսի քարոզարշավ կգնա, որը կրեատիվ չէ»։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս