«Լո՞ւրջ եք ասում». Նիկոլ Փաշինյան

«Արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել՝ քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել. ի՞նչ անենք, ՀՀԿ-ին զոռով տանենք՝ փողոցում կանգնացնե՞նք»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի՝ երաշխավորո՞ւմ է այս ընտրություններում հավասար պայմանների առկայություն։

Նա նշեց, որ ժողովուրդն է որոշել՝ ով ներկայացված լինի կառավարությունում, և վստահեցրեց, որ ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործվելու ընտրությունների ընթացքում։

Հարցին՝ ընտրություններին քանի՞ տոկոսի են ձգտում, 70 %-ից ավելիի՞, նա այսպես պատասխանեց. «Հիմա որ ասեմ, վարչական ռեսուրսի չարաշահում կլինի՞, թե՞ ոչ։ Հիմա տրամադրությունների ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ ՀՀԿ-ն ասելու է՝ վարչական ռեսուրսը չարաշահվել է»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընդդիմության համար տեղ կմնա՞։ «Ընդդիմության տեղերը երաշխավորված են Սահմանադրությամբ, և որոշում է ժողովուրդը։ Ձեր մտայնությունն այն է, որ ես նստած, գծում եմ՝ սա՝ սրան, սա՝ նրան: Ժողովուրդն է որոշում, թող նա որոշի՝ ով լինի ընդդիմություն, ով՝ իշխանություն, ով ընդհանրապես դուրս մղվի քաղաքական դաշտից։ Որ պահին ժողովուրդը կորոշի, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինի իշխանություն։ Մենք իշխանությունը կորցնելուց հետո նույն ժպիտով Երևանի փողոցներում քայլելու ենք և քարոզչություն իրականացնենք»,- պարզաբանեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ բացի «Իմ քայլը» դաշինքից՝ մնացած բոլորը կարող են հավակնել  լինել ընդդիմություն։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն հայտարարել է, թե քարոզչությունն իրականացնելու են հիմնականում մամուլի միջոցով, փողոցներ դուրս չեն գալու, նա այսպես պատասխանեց. «Լո՞ւրջ եք ասում»։

Ինչ վերաբերում է հանրապետականների այն հայտարարություններին, թե իրական ընդդիմությունն իրենք են, մյուսները «գրպանային ընդդիմություն» են, Փաշինյանը խորհուրդ տվեց «գրպան» բառը զգույշ գործածել. «Իրենք, փաստորեն, փողոց դուրս չեն գալիս, և այդպես…»։

«Սասնա ծռերի» մասին հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ բոլոր կուսակցություններին նույն կերպ է վերաբերվում։

Տեսանյութեր

Լրահոս