«ՀՀ սփյուռքի նախարարությունը կարող է ԱԳՆ-ի կազմի մեջ մտնել». Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարարությունն աշխատում է հայրենադարձության ռազմավարության շուրջ: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, դեկտեմբերի երկրորդ կեսին նախատեսում են աշխատանքային քննարկումներ մի քանի գերատեսչությունների հետ:

Նա նշեց, որ 7 ամսվա ընթացքում հայրենադարձվել են 450 ընտանիքներ, հիմնականում՝ Ռուսաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: Նա նկատեց, որ սա նրանք են, որ կապ են հաստատել նախարարության հետ. «Կարծում եմ՝ թիվն ավելի մեծ կլինի: Փորձել ենք օպերատիվ կերպով լուծել բոլոր այն խնդիրները, որոնք չէին պահանջում օրենսդրական լուծումներ»:

Սիրիահայերի հետ կապված՝ Հայրապետյանը նշեց, որ ավանդաբար Սփյուռքի նախարարությունն ունեցել է մեծ մանդատ՝ սիրիահայերի իրավունքները պաշտպանելու, այս ընթացքում տարատեսակ սոցիալական ինտեգրման ծրագրեր են իրականացվել, 930 սիրիահայեր դիմել են իրենց տարբեր խնդիրներով, մեծ աշխատանքներ են տարվել:

«Հայաստանն ուժեղ կլինի, եթե սփյուռքն ուժեղ լինի»,- ասաց Մ.Հայրապետյանը:

Ըստ նրա՝ պետք է ստեղծվի կից խորհրդատվական մարմին. «Խորքային ուսումնասիրությունների միջոցով նախ՝ կփորձենք հասկանալ՝ ինչ բան է սփյուռքը: Բազմիցս նշել ենք, որ այսօր սփյուռքը ճանաչելու խնդիր ունենք: Սփյուռքի հետ հարաբերություններում ունենք նոր մոտեցումների կարիք»:

Անդրադառնալով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխություններին՝ Մ.Հայրապետյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունն ի սկզբանե եղել է սիմվոլիկ, իր առջև չեն դրվել անլուծելի խնդիրներ, և, եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, ապա պարտադիր չի, որ լինի առանձին գերատեսչության ձևով. «Բայց կարծում եմ, որ ՀՀ-ն կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի նախախարարություն՝ ուժեղ գործառույթներով»:

Մ.Հայրապետյանը նաև չբացառեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը կարող է ԱԳՆ կազմի մեջ մտնել. «Դա կախված է, թե վերջնականապես ինչպես ենք պատկերացնում մոդելը»:

Հարցին՝ ընտրություններից հետո իրեն գործադիրո՞ւմ է պատկերացնում, թե՞ օրենսդիրում, Մ.Հայրապետյանը պատասխանեց, որ կլինի այնտեղ, որտեղ կորոշի քաղաքական թիմը: Նա նշեց, որ այսօր իր վերջին աշխատանքային օրն է, գնում է արձակուրդ՝ քարոզարշավ իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս