«Ես հայտարարություն արել եմ, եթե կտեսնեն, որ ես զրպարտել եմ Վահե Հակոբյանի, ասենք, բարի և պուպուշ համբավը, ապա կարող են ինձ դատի տալ»
«Ես հայտարարություն արել եմ, եթե կտեսնեն, որ ես զրպարտել եմ Վահե Հակոբյանի, ասենք, բարի և պուպուշ համբավը, ապա կարող են ինձ դատի տալ: Այ, դատարանում ես ավելի մանրամասն կխոսեմ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Para TV-ում:
Հիշեցնենք, որ Մ.Հայրապետյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ նշելով, որ նոյեմբերի 10-ին հյուրընկալվել էր PARA TV-ի «Դժվար զրույց» || HARD TALK հաղորդմանը, որը պետք է հեռարձակվեր մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը, սակայն հաղորդումը չի հեռարձակվելու:
«Պատճառը Para TV-ի ղեկավարության միջամտությունն է. պարզվում է, որ Սյունիքի նախկին մարզպետ, մինչև վերջերս՝ ՀՀԿ-ական Վահե Հակոբյանին «չի գոհացրել» հաղորդումը: Արի ու տես, որ վերջինիս բնութագրմամբ՝ այն շատ «անհետաքրքիր» է: Քիչ էր մնացել՝ ինքս էլ հավատայի, որ իսկապես խնդիրն իմ և հաղորդավարների մեջ է, սակայն քիչ առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հետ զրույցում պարզվեց, որ նա նույնպես հայտնվել է Para TV-ի «սև ցուցակում». վերջինիս մասնակցությամբ հաղորդումը ևս չի հեռարձակվելու, քանի որ այն նույնպես «անհետաքրքիր» է ստացվել:
Սա ի՞նչ է, եթե ոչ՝ գրաքննության դասական օրինակ, դատեք ինքներդ: Իսկ Para TV-ի ղեկավարությունից պահանջում եմ հրապարակել՝ ինչպես իմ, այնպես էլ՝ Արսեն Թորոսյանի մասնակցությամբ հաղորդումների ամբողջական տեսագրությունները. թող հանրությունն ինքը որոշի՝ հետաքրքի՞ր են ստացվել դրանք, թե՞ ոչ»,- գրել է Հայրապետյանը:
Ըստ նրա՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը կիսվել է իր գրառումով, և ինքն էլ իր կողմից դատապարտել է այդ մոտեցումը:
Թե ի՞նչի մասին է եղել հարցազրույցը, ի՞նչը կարող էր դուր չգալ ընկերության ղեկավարությանը, Մ.Հայրապետյանը նշեց, որ որևէ արտառոց բան չի եղել, հարցազրույցը եղել է սփյուռքի նախարարի գործառույթների շրջանակի վերաբերյալ, եղել է նաև քաղաքական բովանդակություն, խոսել են նախկին իշխանությունների վարած «անշնորհք» քաղաքականության մասին, դրանց տրվել են խիստ գնահատականներ:
«Առանց ամպագոռգոռ հայտարարություններ անելու, ամեն դեպքում, չեմ կարծում, որ նախարարները, որոնց վրա բավականին մեծ պատասխանատվություն ու բեռ կա՝ թե՛ իշխանության, թե՛ կառավարության, և թե՛ հասարակության կողմից դրված, պարապ մարդիկ են, որ կարող են գնալ, 2 ժամ հարցազրույց տալ, բավականին հետաքրքիր ու կարևոր հարցեր շոշափել, և դա չհեռարձակել: Ինձ համար այս պրակտիկան մի քիչ ընդունելի չէ»,- ասաց Մ.Հայրապետյանը՝ կրկնելով, որ, եթե կայքի ղեկավարությունը գտնում է, որ ինքը նենգափոխում է իրենց խոսքը, կարող են դիմել դատարան:
Մեր հարցին՝ քաղաքակա՞ն խնդիր եք տեսնում, Մ.Հայրապետյանը չպատասխանեց. «Ավելին չեմ կարող ասել»:
Նշենք, որ Para TV-ի հաղորդավար Արման Սուլեյմանյանն իր հերթին՝ Հայրապետյանի գրառման տակ նշել է. «Հայրապետյան, խնդրում եմ մի աղավաղեք իրականությունը ընտրություններից առաջ, քանի որ կա լավ առիթ կշտամբել ՀՀԿ-ին։ Ես ասել եմ, որ Արսեն Թորոսյանի հաղորդումը նե ֆորմատ է պրադյուսերի կարծիքով, ով սեփականատերը չէ։ Հետո ասել եմ, որ Մենուա Հարությունյանի և ձեր եթերը չեմ մոնտաժել և եթեր չեմ տա, քանի դեռ այդ մի հաղորդման հարցը չենք լուծել։ Սկզբունքորեն չէի ուզում, որ Արսեն Թորոսյանինը մնա օդում։ Նաև ասացի որ մեր՝ իմ ու Սերգեյի մեղավորությունը կա, որ պայմանագիր չենք կնքել նման իրավիճակների լուծման համար։ Եթե ուզում եք կշտամբել ՀՀԿ-ին՝ միանգամից ասեք, որ Սերժ Սարգսյանը նայեց և բռակ հանեց, էլ ինչի համար եք Վահե Հակոբյանի անունը տալիս։ Ձեզ նաև տեղյակ եմ պահել, որ մենք նոր հաղորդաշար ենք սկսում այլ վայրում և ես ուզում էի գնեի ձեր հաղորդումները և ցուցադրեի մեր ալիքում արդեն։ Հիմա դուք անհարկի սրեցիք իրավիճակը, և հեռուստադիտողը ոչ կտեսնի այդ հաղորդումները, ոչ էլ կհասկանա, թե ով էր ճիշտ, իսկ ով սխալ։ Ի դեպ, դուք ասացիք, որ «Կենտրոն»-ում և Հ1-ում էլ կար խնդիր, որ չեն դրել ձեր հաղորդումը, ինչի՞ դա էլ չնշեցիք։
Ցավում եմ, որ քաղաքական շահը խանգարեց ձեզ ճիշտ կողմնորոշվել։ Հեղափոխությանը օգնելու նպատակով խորհուրդ եմ տալիս նաև Ռոբերտ Քոչարյանի անունը խառնել այս պատմությանը, միևնույն է՝ ոչ մի ապացույց չունեք, իսկ իմ ասածներն աղավաղել եք, բայց դե ոչինչ, կյանքը մի եթերով չի ու մի հարցազրույցով չի»: