Բաժիններ՝

Արմեն Սարգսյանը հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց համախմբվել հանուն հայրենիքի շենացման

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում կոչ արեց բոլորին համախմբվել հայրենիքի ու հայության վեհ գաղափարի շուրջ և կարևոր ներդրումը բերել հայրենիքի շենացմանը։ Նախագահի ուղերձը հնչեց հեռուստամարաթոնի ուղիղ հեռարձակման ժամանակ։

Կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի բազմամյա գործունեությունը՝ նախագահը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում հանգանակվել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար, որի միջոցով շատ ծրագրեր են իրականացվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում։ «Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ այս բոլոր տարիների ընթացքում իրենց աջակցությունը, ներդրումն ու լուման են բերել հիմնադրամի աշխատանքներին։ Ժամանակն է վերանայել, վերագնահատել այն, ինչ արվել է մինչ օրս և մտածել ապագայի մասին»,- ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ 20-րդ դարի վերջում ստեղծված հիմնադրամը կարիք ունի վերագնահատել իր անցած ճանապարհն ու նոր մոտեցումներ որդեգրել։

«Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը գործի ոչ միայն որպես կառույց, որն աջակցում է Հայաստանին ու Արցախին, օգնում է այս կամ այն ծրագրի իրականացմանը, այլև դառնա ազգային գործակալություն, որի նպատակն է զարգացնել Հայաստանը, Արցախն ու, ինչու ոչ, նաև Սփյուռքը։ Այսինքն, ես ակնկալում եմ, որ հիմնադրամը վերսկսի գործունեությունը ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլև կամաց-կամաց գործունեություն ծավալի նաև Սփյուռքում»,- ասաց նախագահը։

Նա նշեց, որ եկել է ժամանակը, որ ողջ հայ ժողովուրդը միավորվի իր գործունեության բոլոր ոլորտներում՝ կրթական, մշակութային, գործարար կամ քաղաքական։ «Ժամանակն է, որ հանդես գանք աշխարհի առջև որպես միասնական և հզոր պետություն։ Փոքր պետություն, բայց հզոր պետություն։ Մենք փորք պետություն ենք, բայց համաշխարհային ազգ և մեր ողջ ազգի ներուժը ներդնելով կարող ենք հաղթահարել ցանկացած խնդիր։Կոչ եմ անում միավորվել, համախմբվել հայրենիքի, Արցախի, հայության վեհ գաղափարի շուրջը և ձեր կարևոր ներդրումը բերել մեր հայրենիքի շենացմանը»,- հայտարարեց Արմեն Սարգսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս