Բաժիններ՝

Մնջախաղի թատրոնին տրամադրված նոր շենքում նաև մնջախաղի դպրոց կգործի

Երկարատև փնտրտուքից հետո ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ որոշվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գործունեության համար հատկացնել մի շենք, որը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում: Շենքում երկար տարիներ տեղակայված է եղել Հանրապետական զինկոմիսարիատը:

Նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ մի քանի ամիս է՝ զբաղվում են Մնջախաղի թատրոնի շենքի հետ կապված հարցերով, խնդրի լուծմամբ, որը երկար տարիներ է առկա:

«Ինչ վերաբերում է այն շենքին, որը նախկինում նախատեսված էր թատրոնի համար, ապա այն բաղկացած է մի քանի մասից, դրա առանձին հատվածը, որպես այդպիսին չի դիտարկվել որպես հուշարձան, բայց ամբողջությամբ այն հուշարձան է»,- նշեց նախարարը:

Նա պատմեց, որ ժամանակին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ քննարկել և պայմանավորվել էին թատրոնի շենքի հարցը լուծելու վերաբերյալ ճանապարհ գտնել` նոր շենք փնտրելով: Տարածքի ընտրությունը երկար է տևել, քանի որ փոքր կենտրոնում ազատ տարածքներ գրեթե չկան:

Նախարարի խոսքով` նոր շենքում ոչ միայն թատրոն կգործի, այլև այն կդառնա մնջախաղի դպրոց, մշակութային կենտրոն: «Շենքը բավականին մեծ է: Հնարավոր է, որ այնտեղ նաև ստեղծագործական միությունները գործունեություն ծավալեն»,- ընդգծեց նա:

Նախարարությունը սահմանված կարգով դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին, օրենքով սահմանված կարգով շենքի համապատասխան տարածքի օգտագործման նպատակով՝ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Մնջախաղի պետական թատրոնին տրամադրելու համար:

«Մեզ համար Մնջախաղի թատրոնը մշակութային արժեք է, հուշարձանների պահպանությունը՝ նույնպես, և մենք որևէ կերպ չենք պատկերացնում մեկը մյուսի հաշվին: Պատրաստ ենք ամեն ինչ անել, որ երկուսն էլ կարևոր դիրքերում լինեն, և ուրախ ենք, որ կարողանում ենք համատեղ ջանքերով եզրակացության գալ»,- շեշտեց Լիլիթ Մակունցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս