«Կարելի՞ էր ասել, որ պարոն Օսիպյանը կոռումպացված է. չէր կարելի ասել». Ալեն Սիմոնյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հերքում է, որ իրենք ասել են, թե Հայաստանում բոլոր հիմնարկներում բոլորը կոռումպացված են: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում, հակադարձելով ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, Ա.Սիմոնյանը հայտարարեց, որ բոլոր հիմնարկներում կան աշխատողներ, որ կոռումպացված չեն, լավ մասնագետներ են և իրենք ասել են, որ կադրային ջարդ չեն անելու:

«Մենք բոլորս եղել ենք, չէ՞, բարիկադի նաև այս կողմը, տեսել եք, լուսաբանել եք, կարելի՞ էր ասել, որ պարոն Օսիպյանը կոռումպացված է: Չէր կարելի ասել»,- նշեց Ա.Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ Օսիպյանը ցուցարար էր ծեծում, Սիմոնյանը հակադարձեց. «Ինձ անձամբ չի ծեծել, բայց ես միշտ բախում եմ ունեցել»:

Ի պատասխան Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե «թրաշով Նիկոլ Փաշինյանը և սափրված Փաշինյանը տարբեր բաներ են ասում», Ա.Սիմոնյանը խորհուրդ տվեց զբաղվել Սերժ Սարգսյանով. «Յուրաքանչյուր մարդ, որ գնալու և ընտրելու է ՀՀԿ-ին, անմիջականորեն ձայն է տալու Սերժ Սարգսյանին և իրենք թող զբաղվեն իրենց այդ մի քանի անգամ հեռացած, բայց այնուամենայնիվ մնացած ղեկավարից ազատվելով»:

Տեսանյութեր

Լրահոս