«Ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարությունում «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետ ընտրվելուց հետո խնդիր է դրել՝ ոռոգման ջրի համար Սևանին չպետք է անդրադառնալ, հավելյալ ջրառ չպետք է անել.

«Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ: Այսօրվանից պետք է արձանագրենք, որ ոռոգման համակարգի ոլորտում տիրում է վակխանալիա, և այսօրվանից պետք է զբաղվենք, որ նույն տաշտակի առաջ չկանգնենք»:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ՊՎԾ պետի հաշվետվությունը կարդում և չի հավատում, որ հեկտարներով այգիներ կան, որոնք ջուր են օգտագործում ու չեն վճարում դրա դիմաց. «Սա 80% կորստի որոշակի հատվածն է: Այստեղ պետք է շատ լուրջ աշխատանք անենք՝ առաջինը՝ ստվերային այգիների հողատարածքների հարցով, իրավապահ մարմիններն էլ անդրադառնան, որովհետև տասնյակ միլիոնների վնաս է պատճառվել մեր ոռոգման համակարգին: Նույնիսկ իմաստ ունի, որ այսօրվանից ստեղծենք որոշակի աշխատանքային խումբ, որն այսօրվանից զբաղվի ամառվա պիկին ոռոգման խնդրի լուծման հարցով: Այդ հէկ-երի ոլորտում ինչ է կատարվում, ինչի մասին կարդում ես՝ բլոքբաստերի տպավորություն է թողնում»:

Փաշինյանը հանձնարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ աշխատանքային խումբ ձևավորել, որն այսօրվանից պետք է զբաղվի ոռոգման սեզոնի հարցերով՝ անդադառնալով դրա բոլոր կոմպոնենտներին. «Այդտեղ պետք է նաև Դատախազության ներկայացուցիչներ լինեն: Խնդիրը դրվում է հստակ՝ այս պահից հսկողության տակ առնել ոռոգման ողջ համակարգը, և գյուղատնտեսության սեզոնի սկզբից կանխատեսելի ներկայացնել մեր ամբողջ գործողությունների գրաֆիկը, ճանապարհային քարտեզը՝ մինչև ոռոգման սեզոնի փակման օրը: Այս օրենքն էլ կարևոր է, որ կարողանանք օպերատիվ կառավարել ռիսկերը և ժամանակին հայտարարություն անել»:

Տիգրան Ավինյանն ասաց, որ արդեն որոշակի աշխատանքներ իրականացվել են այդ ուղղությամբ. «Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ արբանյակային պատկերի միջոցով ստանում ենք երկրում առկա խոնավ հողերի պատկերը, և դա համադրում ենք ջրօգտագործող ընկերությունների կողմից տրամադրված պայմանագրերի հետ, տեսնում՝ որտեղ ունենք ստվերային այգիներ: Հենց այսօր արդեն կսկսենք աշխատանքային խումբ կազմելու աշխատանքները»:

Տեսանյութեր

Լրահոս