«Կոսովոյի գործողությունները կարող են աղետի մեջ ներքաշել ամբողջ Բալկանյան տարածաշրջանը». Վուչիչ
Պրիշտինայի կողմից Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների 100-տոկոսանոց մաքսերի սահմանման հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ կարող են աղետի մեջ ներքաշել ամբողջ Բալկանյան տարածաշրջանը: Նոյեմբերի 21-ին ազգին հղած ուղերձում այս կարծիքն է հայտնել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
«Այդ արարքի հետեւանքները բացարձակապես անկանխատեսելի են եւ ամեն պահի կարող են տարածաշրջանը բերել լիակատար աղետի, եթե չչեղարկվեն»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ կոսովցիների գործողություններում «ոչ մի տնտեսական իմաստ չկա»:
Կոսովոն նոյեմբերի 21-ին 100 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանել Սերբիայից ու Բոսնիայից եւ Հերցեգովինայից ներմուծվող ապրանքների համար: Ի պատասխան Վուչիչն արտակարգ հանդիպումներ է նշանակել Ռուսաստանի, Չինաստանի եւ արեւմտյան երկրների դեսպանների հետ, ինչպես նաեւ հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
Կոսովոյի եւ Մետոքիայի Սերբական Ինքնավար Երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիսը մատակարարվում է Սերբիայում արտադրված ապրանքներով: Ավելի վաղ սերբական արտադրանքը մատակարարվում էր նաեւ ալբանացիներով բնակեցված շրջաններին, սակայն վերջին ժամանակներս Պրիշտինայի իշխանությունները փորձում են այն փոխարինել այլ երկրների ապրանքներով:
Այդ միջոցառումները լուրջ հարված են հասցնում կոսովցիների գրպաններին, իսկ 100-տոկոսանոց նոր մաքսերը չափազանց ծանր վիճակում են դնում սերբ բնակչությանը: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նոյեմբերի 21-ին հայտարարել է, որ Կոսովոյի կառավարությունը պետք է անհապաղ չեղյալ հայտարարի նոր մաքսատուրքերի սահմանման որոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: