«Ես փակել եմ առաջին արագաչափը, փակել եմ փողոցը, և մինչև Փաշինյանը գալը  մարդկանց կանչել եմ հրապարակ, քնել եմ Ֆրանսիայի հրապարակում». Անուշ Լալայան

«Մենք» դաշինքի անդամ Անուշ Լալայանի խոսքով՝ իրենց դաշինքում համախմբված են բոլոր լիբերալ ուժերը, անդամներն ավելի երիտասարդ են և ունեն մեծ ներուժ։

«Կարծում եմ՝ մենք բավականին ներուժ ունենք, որպեսզի ընտրություններում հաղթահարենք այդ անցողիկ շեմը, եթե ոչ ավելին,  և ներկայանանք նոր թիմով և ուժով։Մենք ստանձնել ենք այն դերը, որ խորհրդարանում լինենք ընդդիմություն, որպես զսպող ուժ։ Չենք բարձրաձայնում, որ պաշտպանում ենք հեղափոխությունը, Նիկոլին և այլն, հարգում ենք բոլորին և խորհրդարանում կարող ենք լինել այն ուժը, որն ավելի շատ կարող է խթան հանդիսանալ, որպեսզի բոլոր աշխատանքները լինեն ճիշտ և ուղիղ»,- նշեց Անուշ Լալայանը։

Հարցին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ինչպե՞ս է մասնակցել հեղափոխությանը, Անուշ Լալայանը պատասխանեց. «Իմ կարծիքով, ես՝ Անուշ Լալայանս, չպետք է խոսեմ, թե հեղափոխությանն ինչպիսի մասնակցություն եմ ունեցել, ես փակել եմ առաջին արագաչափը, փակել եմ փողոցը, և մինչև Փաշինյանը գալը մարդկանց կանչել եմ հրապարակ, քնել եմ Ֆրանսիայի հրապարակում»։

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանի բնորոշմամբ, իրենց կուսակցությունը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական  ընտրություններին, քանի որ համարվում է ՀՀ ամենակտիվ քաղաքական ուժերից մեկը և քաղաքական բոլոր գործընթացներում ունի մեծ ներդրում։

«Կարծում եմ՝ մեր մասնակցությունն այս ընտրություններին շատ ճիշտ է, և ժողովրդի քվեն ստանալուց հետո կկարողանանք աշխատել ի նպաստ ժողովրդի։ Բազմիցս ասել ենք, որ մենք աջակցել ենք հեղափոխությանը և աջակցելու ենք այն մոտեցումներին, որոնք ուղղված են լինելու Հայաստանի զարգացմանը։ Ճիշտ է, վեց ամսվա ընթացքում իշխանությունների համար դժվար է էական որևէ փոփոխություն իրականացնել, սակայն անհրաժեշտ է ներկայացնել երկրի զարգացման ռազմավարությունը, սա կարևորագույն խնդիր է»,- ասաց Մհեր Շահգելդյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնին, ապա Մ. Շահգելդյանի խոսքով՝ այսօր ՀԱՊԿ-ում Հայաստանը կանգնած է գլխավոր քարտուղարի պաշտոնը վաղաժամկետ կորցնելու խնդրի առջև, ինչն այդքան էլ ցանկալի չէ, քանի որ այդ կառույցը Հայաստանի անվտանգության կարևոր բաղկացուցիչ է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լուսինե Բադալյանի դիտարկմամբ՝ ներկայիս իշխանությունները 6-7 ամիսների ընթացքում հասցրել են բավականին աշխատանք կատարել։

«Հեղափոխությունից հետո սովորաբար լինում են տնտեսական ճգնաժամեր, մասնագետներն իրենց թիմային աշխատանքով կարողացան այնպես անել, որ ստաբիլ վիճակ լինի տնտեսության մեջ, բավականին շատ նախագծեր դրվեցին գործածության մեջ։ Եթե ավելի ուշադիր հետազոտենք, ապա կհասկանանք, որ   գնահատականն ամենաքիչը կարող է բավարար լինել։ Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ երկրում ներքաղաքական իրավիճակն ավելի կկայունանա, կլինեն ավելի մեծ հնարավորություններ, որպեսզի կյանքի կոչվի այն ամենը, ինչ չեն հասցրել»,- շեշտեց Լ. Բադալյանը։

Նա նաև նկատեց, որ միայն հեղափոխությանը մասնակցելով՝ հնարավոր չէ մտնել քաղաքական դաշտ, քանի որ պետք է լինեն հստակ ծրագրեր, քաղաքական կամք և ինչ-որ բան փոխելու կամք։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս