
Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարարը չի բացառում Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը

Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, որն անցած շաբաթվա վերջին է նշանակվել այդ պաշտոնում, չի բացառում երկրում հանրաքվեի կրկնական անցկացումը Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման շուրջ:
Այդ մասին հայտնել է The Independent թերթը: Ընդհանուր առմամբ եւ ամբողջությամբ հանդես գալով խորհրդարանի կողմից Բրյուսելի հետ Brexit-ի պայմանների շուրջ գործարքի՝ նախարարների կաբինետի համաձայնեցրած ձեւաչափի աջակցության օգտին, Ռադը միեւնույն ժամանակ հասկանալ է տվել, որ իրատեսական չի համարում վարչապետ Թերեզա Մեյի սպառնալիքների իրագործումը «կամ իմ գործարքը, կամ բաժանում առանց որեւէ գործարքի» սկզբունքով, քանի որ վերջին տարբերակը պարզապես աջակցություն չի գտնի խորհրդարանի կողմից:
«Համայնքների պալատում (թորիները) մեծամասնություն չունեն, որպեսզի թույլ տան, որ դա պատահի»,-ասել է նա: Պատասխանելով հարցին՝ կարող է արդյոք նման հանգամանքներում Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի կառավարական նախագիծը պաշտպանելուց Համայնքների պալատի հնարավոր հրաժարումը հանգեցնել Եվրամիությանն անդամակցությունը պահպանելու շուրջ նոր հանրաքվեի կազմակերպման անհրաժեշտությանը, Ռադը ասել է.
«Եթե այն չանցնի (խորհրդարանով), ապա ինչ ասես կարող է տեղի ունենալ: ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները կարող են կորցնել իրենց Brexit-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: