Բաժիններ՝

Փաշինյանի լուսանկարով օղին՝ առանց համապատասխան փաստաթղթավորման, վաճառքում է

Շուկայում հայտնվել է նոր օղի՝ «Վարչապետ. հայկական թավշյա օղի» անունով՝ «Սիս Ալկո» ՍՊԸ-ի կողմից: Գինն էլ՝ 7500 դրամ:

168.am-ը կապ հաստատեց «Սիս Ալկո» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Ղարիբյանի հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկարն օղու շշին հայտնվել է նրա թույլտվությամբ, և ի՞նչ քանակով է արտադրվել:

«Մենք վարչապետին չենք  դիմել նկարի օգտագործման համար՝  ելնելով նրա հայտարարությունից:  Պատվեր կար, մենք թույլտվություններն ուղարկել ենք, արդեն ընթացքի մեջ է, կարծեմ վերջացել  է: Միայն արտոնագրային վճարման ու սերտիֆիկացման համար ենք դիմել: Իսկ քանակը կախված է պահանջարկից: Դեռ մեկ օր է, որ խանութներում է»,- ասաց Արթուր Ղարիբյանը:

Փորձեցինք տեղեկություններ ստանալ պետական համապատասխան գերատեսչություններից, սակայն՝ ապարդյուն։ Մեկը մյուսի վրա էր գցում, ու հարցը մնում էր անպատասխան։

Եվ այսպես, կապ հաստատեցինք Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ ճշտելու, թե  արտոնագրային վճարման հետ կապված չլուծված հարցերի դեպքում որևէ մեկը կարո՞ղ է արդեն ապրանքը վաճառել: Այնտեղից մեզ պատասխանեցին, որ այդ հարցով չեն զբաղվում:

Զանգահարեցինք ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, որտեղից փորձեցինք նաև ճշտել ապրանքանիշի գրանցման հետ կապված հարցը: Գրեթե բոլոր բաժինների հետ  կապ հաստատելուց հետո խորհուրդ տվեցին սննդի, պարենային արտադրանքի, ալկոհոլային խմիչքների համար դիմել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ նշելով, որ իրենց ստանդարտների բաժինը ոչ պարենային արտադրանքով է զբաղվում:

Զանգահարեցինք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարզվեց՝ իրենք էլ հարցի հետ կապ չունեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր, թավշյա օղի էր արտադրել, որը կոչվում էր՝ «Դուխով»:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 22-ին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով իր նկարներով այս կամ այն ապրանքի արտադրությանը՝ նշել է, որ ինքն ուրախ է, որ դա մարդկանց օգնում է՝ ավելի շատ եկամուտ ստանալ:

«Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ: Եթե մի մարդ, որը մինչև այդ աղքատության նպաստի հույսին էր և իմ հեղափոխության պատկերով, անունով մի ապրանք է մտածել՝ բաժակ, շապիկ և այլն, ու եկամուտ է ստանում, վաճառում է, և դա նրան քաջալերում, ոգևորում է աշխատել, ես ուրախ եմ ու համարում եմ շատ մեծ ծառայություն Հայաստանի ապագային և զարգացմանը»:

Նա վստահեցրել է, որ այս առումով ինքը որևէ դիսկոմֆորտ չունի, քանի որ այսօրվա կառավարության հիմնական նպատակն աղքատության հաղթահարումն է:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս