Եվրահանձնաժողովը կարող է պատժիչ ընթացակարգ սկսել Իտալիայի դեմ բյուջեի նախագծի պատճառով
Եվրահանձնաժողովը դարձյալ մերժել է Իտալիայի 2019 թվականի բյուջեի նախագիծը, որը Հռոմը լրամշակել էր եվրոպական նորմերին դրա անհամապատասխանության պատճառով: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 21-ին տարածվել է Բրյուսելում:
«Իտալիայի լրամշակված բյուջեի գնահատումից հետո Եվրահանձնաժողովը հաստատում է Խորհրդի՝ հուլիսի 13-ի հանձնարարականներին առանձնապես լուրջ անհամապատասխանության առկայությունը»,-ասված է փաստաթղթում: Ինչպես նոյեմբերի 21-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսական եւ տնտեսական հարցերով եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին, Եվրահանձնաժողովը առաջիկա շաբաթներին կարող է պատժիչ ընթացակարգ սկսել Իտալիայի դեմ երկրի բյուջեի նախագծի պատճառով:
«Իտալիան չի պահպանում պարտքի չափանիշները, ինչի կապակցությամբ ընթացակարգն արդարացված է: Այժմ անդամ երկրները պետք է երկու շաբաթվա ընթացքում ասեն՝ իրենք համաձայն են Եվրահանձնաժողովի գնահատականին, թե ոչ: Դրանից հետո Եվրահանձնաժողովը կպատրաստի ընթացակարգը եւ շտկման հանձնարարականը»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: