«Այս ամենի մեջ ազգը կործանում ես, պարոն վարչապետի պաշտոնակատար, ներքին քաղաքականությունը՝ զրո, արտաքինը՝ մինուս, Արցախի հարցը՝ սարսափ՝ օդից կախված». Գուրգեն Եղիազարյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում և դրան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխություն իրականացրած քաղաքական թիմն ամբողջությամբ կատարել է ժողովրդին տված խոստումները։
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց, որ ընդհանրապես 100 տոկոսով ոչինչ գոյություն չունի, ուստի, եթե որևէ մեկն ասում է՝ 100 տոկոս, ուրեմն՝ նա խաբելու է։
«Երբ այս կառավարությունն ամփոփում էր 100 օրը, ես այն ժամանակ ասացի, որ ամեն ինչ շատ տխուր է։ Անմտությունն այնտեղ է հասել, որ երկու օր առաջ համացանցում կարդացի մի բան, որ իբրև շեշտակի հարված են հասցրել կոռուպցիային և 100 խմ շեբեն են բռնել, տո 100 խմ շեբենը գլխներիդ կպնի, եթե դրա մասին պետք է խոսեք ու ասեք, թե կոռուպցիայի դեմ եք պայքարում։ Կամ՝ հայտարարում են, որ Իջևանում մեծ քանակությամբ փայտ են հայտնաբերել և այն ԱԱԾ-ն է հայտնաբերել։ Տղերք, պետք չէ, որ ԱԱԾ-ն հայտնաբերի, երկու սերժանտ ուղարկենք պոստ՝ մեծ քանակությամբ փայտ կհայտնաբերեն։ Եթե մի քիչ մարդ եք, զբաղվեք մեր 7 մլրդ դոլարով, մենք չգիտենք՝ այն որտեղ է ծախսվել, բա չիմանա՞նք, թե՞ այսպես էլ մնանք»,- ասաց Գ. Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, թե հեղափոխություն է արել, բայց հեղափոխությունն արել է երևանցին, աբովյանցին, այնուհետև հանրապետությունը միացավ և արեց հեղափոխություն, իսկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ ժամանակին այդ ամենը գլխավորեց։
«Եթե խնդրին լուրջ մոտենանք, ապա հեղափոխությունն առանց մեկ ապտակի կատարել են իսլանդացիները, որից սրանք վերցրեցին միայն «դըմփ-դըմփ-հուն», նրանք կատարել են իսկական հեղափոխություն, փոխել են տնտեսվարման համակարգը։ Իսկ Հայաստանում ոչինչ չեն փոխել, ոչ միայն չեն փոխել, այլև աստիճանաբար այլասերում են այն ամենը, ինչն այսօր նրանց ձեռքով կատարվում է»,- շեշտեց Գ. Եղիազարյանը:
«Հայաստանը կործանում են, այդ 100 տոկոսն է, բան է, թող իրենց պահեն, մենք գիտենք, թե պարոն Փաշինյանն ինչ է ասել և 99 տոկոսով չի կատարել։ Այն, որ տեսախցիկներ էր փակում ու հայտարարում, թե դրանք չպետք է չլինեն, և ասում էր՝ ամբողջ հայ ազգը գիտի, թե դրանց սեփականատերն ով է, մինչև այսօր հայտնաբերե՞լ է դրանց սեփականատիրոջը։ Այս ամենի մեջ ազգը կործանում ես, պարոն վարչապետի պաշտոնակատար, ներքին քաղաքականությունը՝ զրո, արտաքինը՝ մինուս, Արցախի հարցը՝ սարսափ՝ օդից կախված,
«Մադրիդյան սկզբունքները»՝ ուղիղ հայ ազգի գլխին Արցախում, և այս 7 ամիսների ընթացքում ոչինչ չեն արել։ Այսինքն, հենց այնպե՞ս Սերժ Սարգսյանը ճողոպրեց պաշտոնից, Փաշինյա՞նը նրան հանեց»,- ընդգծեց Գ. Եղիազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան