Բաժիններ՝

Գերմանիայում խոշորագույն հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել

Գերմանիայում գրեթե հազար ոստիկաններ եւ մաքսատան աշխատակիցներ են մասնակցել խոշորագույն հակաահաբեկչական վարժանքներին, որոնք լույս նոյեմբերի 21-ի գիշերն անցկացվել են Քյոլն/Բոն օդանավակայանի տարածքում: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի ոստիկանության նախագահության մամուլի ծառայությունը:

«Մաքսատան հետ համատեղ իրավապահ մարմինների գրեթե հազար աշխատակիցներ են մարզվել՝ գործելու ահաբեկչական գործողության պայմաններում: Դաշնային եւ երկրամասային գերատեսչությունների ոստիկանները, որոնք մշտապես ծառայություն են կրում Քյոլն/Բոն օդանավակայանի տարածքում, անցկացրել են վարժանքներ՝ գործելով չորս տարբեր սցենարների շրջանակներում»,-ասված է մամուլի տեղեկագրում, որը հրապարակված է գերատեսչության կայքում:

Մասնավորապես, սցենարներից մեկը նկարագրում է ահաբեկչական գործողություն, որը կատարվել է իսլամիստ-զինյալների կողմից, որի ընթացքում զինված հանցագործները կրակ են բացել ավիաուղեւորների վրա եւ իրականացրել ռումբերի պայթյուն, հայտնել Է dpa գործակալությունը:

Ինչպես ասված է ոստիկանության մամուլի տեղեկագրում, նմանօրինակ վարժանքներ ավելի վաղ անցկացվել են երկաթուղային յոթ կայարաններում Գերմանիայի ամբողջ տարածքում: Ավելի վաղ ԳԴՀ-ի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը վերստին հայտարարել է, որ Գերմանիայում պահպանվում Է ահաբեկչական գործողությունների կատարման մեծ սպառնալիքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս