«Նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետներից». ըստ Ռուստամյանի՝ Փաշինյանը վաղաժամ քարոզարշավ է սկսել

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համակարծիք է ՀՀԿ-ի հայտարարության հետ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավ է իրականացրել և վարչական ռեսուրս է կիրառել:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ 168.am-ի հարցին, թե դուք լսել եք Փաշինյանից արտահայտություններ, որոնք քարոզարշավի սկիզբ կարելի է համարել, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ՝ այո՛, կային արտահայտություններ, որ քարոզ էին, օրինակ՝ «դուք պետք է ձայն տաք մեզ, որ ավարտին հասցնենք հեղափոխության գործընթացը»:

«Դա նշանակում է՝ ո՞ւմ պիտի ձայն տան, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ցանկին, չէ՞: Այսինքն՝ ո՞րն է կոչվում քարոզչություն: Երբ ասում ես ուղիղ՝ ինձ ձայն տվեք: Դա է, էլի, քարոզչությունը, բա հո պոզով-պոչով չի՞ լինում քարոզչությունը»,- ասաց Ա.Ռուստամյանը:

Դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է, որ քարոզարշավ չի եղել, ինքը միշտ է այցելել մարզեր, Ա.Ռուստամյանը հակադարձեց, որ նախկինում նույնն ընդդիմությունն էր ասում վարչապետների մասին, նրանք էլ նույն ձևով պատասխանում էին.

Կարդացեք նաև

«Գիտեք, իմ համար, այս ամեն ինչը դեժավյու է, որ գալիս են իշխանության և մեկ էլ չեն անդրադառնում, որ նույն բառապաշարն են սկսում կամաց-կամաց օգտագործել, ինչ-որ իշխանությունն էին օգտագործել: Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև էդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետներից»:

Ըստ նրա՝ այս պաթոսով և այս մթոնոլոտում անցկացված ընտրություններն արդեն անհավասար պայմաններ են ստեղծել մյուս ուժերի համար:

Ա.Ռուստամյանը մտահոգություն հայտնեց, թե ինչո՞ւ ընտրություններն այսքան շուտ նշանակվեցին: Նա 2 վարկած նշեց, առաջին՝ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, երկրորդ՝ արտաքին քաղաքականությունը:

Ա.Ռուստամյանը նշեց, որ առաջին նշանը ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի այցն ու հայտարարությունն էր, որ իշխանություններն ունեն ամենամեծ վստահությունը և դա պետք է օգտագործվի, որ գնանք կոմպրոմիսների և լուծվի Արցախի հարցը.

«Ես չեմ բացառում, որ շատ մոտ ապագայում ականատես լինենք նոր առաջարկների, որ Ղարաբաղի հարցի հետ կապված դրվի սեղանին»:

Տեսանյութեր

Լրահոս