«Հիմնարկն ուզում են խլել, ես հիմա սնանկանում եմ». Երևան-Արմավիր-Երևան երթուղու տնօրենը դիմում է կառավարությանը
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանն ահազանգում են՝ 9 տարի է՝ Երևան-Արմավիր երթուղային գծի հետ կապված խնդիրներն իրենց լուծումը չեն ստանում, վերջին ամիսներին վիճակն էլ ավելի է սրվել:
«Խնդիրներ հիմնարկը վաղուց է ունեցել, ինչ-ինչ լուծումներ գտնվել են, բայց վերջին շրջանում հիմնարկը հայտնվել է շատ ծանր իրավիճակում, և պատճառն այն է, որ Երևան-Արմավիր-Երևան գծում առանց թույլտվության, ապօրինի կերպով շուրջ 40 մեքենա է աշխատում, որոնք ոչ թույլտվություն ունեն, ոչ տենդեր են շահել: Այս, ինչպես նաև Երևան-Արտաշատ-Երևան գիծը սպասարկել է «Գալակտիկա տրանս սերվիսը», բայց չգիտես ինչու՝ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը Երևան-Մեծամոր-Երևան և Երևան-Մյասնիկյան-Երևան նոր գծեր է տրամադրել:
Ունենք երկու համայնքների ղեկավարների գրությունը, համաձայն որի՝ նշված տարածքներում երբևէ տրանսպորտ չի գործել: Դրանք սպասարկել են Երևան-Արմավիր-Երևան ուղեգիծը՝ վնաս պատճառելով հիմնարկին: Դիմել ենք նախկին ու ներկա իշխանություններին. վերաբերմունքը զրո է: Կարծես թե նոր նախարարն է ինչ-որ քայլեր փորձում անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո ընկերությունը նոր, կահավորված, 2017թ. թվով 20 Sprinter մեքենաներ է բերել:
«Սրանից հետո շուրջ մեկ ամիս Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկանք չտվեց, որ դեղին համարները հանեն ու աշխատեն: Պատճառն այն էր, որ ուզում էին տենդեր հայտարարել: Ամեն կերպ փորձում են ընկերությունը սնանկացման տանել: Հիմա հարուցվել է քրեական գործ, և այն 8 ամիս է՝ քննվում է: Դեռ արդյունք չկա, դանդաղ շարժվում են: Վարչապետին, Գլխավոր դատախազին, ոստիկանապետին դիմելուց հետո նյութեր հազիվ նախապատրաստվեցին, չնայած արդեն արձանագրել էին, որ Ավտոկայանում ապօրինի մեքենաներ են աշխատում «Գալակտիկա տրանս սերվիսի» հաշվին: 100-ավոր միլիոնների վնաս են պատճառել արդեն:
Մարդն ինչքա՞ն կարող է դիմանալ. պետության հարկը մուծի, Ավտոկայանի ու տենդերի գումարը վճարի, իսկ այդ ընթացքում մեկը գա, անվճար կամ էժան մեքենաներով… Տրանսպորտի և կապի նախարարություն ես դիմում՝ մեկ հարցի վերաբերյալ երեք տարբեր պատասխաններ են տալիս: Մարդը դիմում, հարցնում է՝ տեսչությունն ո՞ւր է, գալիս-ասում են՝ խելոք մնա, քեզ կտուգանենք: Կառավարության մոտ վարորդների բողոքի ակցիայից հետո թույլ տվեցին, որ դեղին համարներն օգտագործի, բայց հիմա չեն թողնում, որ սպասարկի: Ընկերությունը՝ դեռ մի կողմ, բա պետությանը չի՞ հետաքրքրում, որ չգրանցված մեքենաներ են, հարկ չեն վճարում:
Ուսանողական ավտոբուսներ են աշխատում, ակցիայի ժամանակ երեխաներին բերել էին, իբր թե «Գալակտիկա տրանս սերվիսը» դեմ է դրանց: Պարզվեց՝ պետական միջոցների գումարները գրվել են, գնացել է բարեգործական նպատակներով, բայց ուսանողներից գումարներ են հավաքել: Սրա շուրջ էլ քննություն չի ընթանում, ոչ ոքի հետաքրքիր չէ: Հարկայինն էլ սկսել է ակտեր գրել, նոր են պարզել, որ 13 մեքենա տարիներով անօրինական աշխատել է»,- հավելեց փաստաբանը:
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն էլ նշեց, որ 9 տարի պայքարում է, որ անօրինական գիծը վերացնեն:
«Հիմնարկն ուզում են խլել, ես հիմա սնանկանում եմ: Երբևէ չի եղել, որ 44 մեքենա աշխատի մի գծում: «Ալ տրանսին» անօրինական է տրվել այդ թույլտվությունը: Ի՞նչ իրավունքով են գիծ մտցրել: Երբ գնում էի նախարարություն, դուրս էի գալիս, տեղեկանում էի, որ մեքենաներ են ավելացրել: Բեսպրեդել է: Միայն Տրանսպորտի նոր նախարարն է վերջերս ինձ ընդունել, լսել, ուրախ կլինեմ, որ գտնի նախարարությունում աշխատող չինովնիկներին ու դաժան պատժի: Նմանները նաև Ավտոկայանում կան:
Այստեղ է, որ ինձ տեղ չհատկացրին: Խնդրեցի, որ տեղ տան, ասացին՝ չենք կարող: Նախկին նախարարները վատն են եղել, դուք եկել եք, լա՞վն եք, օրենքով վերացրեք այդ գծերը: Իրավունք չունեն գծի մեջ գիծ մտցնել: Մենք տենդերով շահել ենք, բարի եղեք՝ մաքրե՛ք, տվեք»,- ասաց Շուշանիկ Խաչատրյանը:
Անի Կարապետյան