
«Ես չեմ պատրաստվում վերադառնալ Վրաստան, ոչ մի պաշտոն չեմ ցանկանում Վրաստանում». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Պալիտրանյուս» հեռուստաընկերության «360 աստիճան» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում Վրաստան վերադառնալ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը։
Սահակաշվիլիի խոսքով՝ ինքը չի ցանկանում պաշտոն զբաղեցնել, եւ պարզապես պաշտպանում է Գրիգոլ Վաշաձեի թիմին, «որը համալրված է հիանալի երիտասարդներով»: «Մենք ամենահաջողակ իշխանություններից մեկն ենք եղել Վրաստանի պատմության մեջ, բայց այդ իշխանությունն արդեն չպետք է վերադառնա: Ես չեմ պատրաստվում վերադառնալ, ոչ մի պաշտոն չեմ ցանկանում Վրաստանում, բայց ես կսատարեմ ու կաջակցեմ նրանց»,-հայտարարել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ ինքն այն քաղաքական գործիչն է, որի խոսքին հավատում են ամբողջ աշխարհում եւ տարածաշրջանում: «Ես փորձ ունեմ, որը ցանկանում եմ փոխանցել այդ մարդկանց»,- ասել է Սահակաշվիլին:
Միավորված ընդդիմությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հայտարարության համաձայն, եթե ինքը նախագահ ընտրվի, ներում կշնորհի քաղաքական բանտարկյալներին: «Իմեդի»-ի լրագրողի այն հարցին, թե ներվածների թվում կլինեն արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշաձեն պատասխանել է՝ «անշուշտ»:
Այդուամենայնիվ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ասում է, որ եթե նախագահ դառնա Գրիգոլ Վաշաձեն, ինքը չի պատրաստվում նրան դիմել ներում շնորհելու խնդրանքով: Սահակաշվիլին պլանավորոմ է իրավաբանորեն պաշտպանել իր իրավունքները: